Ֆոլիկուլխթանիչ հորմոն

2013-2016 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Ընդհանուր նկարագիր

Ֆոլիկուլախթանիչ հորմոնը հիպոֆիզի կողմից արտադրվող գլիկոպրոտեիդային գոնադոտրոպ հորմոն է, որը խթանում է տղամարդկանց մոտ սերմնալարի զարգացումը և սպերմատոգենեզը, իսկ կանանց մոտ՝ ֆոլիկուլների առաջացումը:

Ֆոլիկուլախթանիչ հորմոնը (Follicle stimulating hormone, FSH) լյուտեինացնող հորմոնի հետ միասին պատկանում է գոնադոտրոպինների ընտանիքին: Այս երկու հորմոնները միասին սիներգիկ կերպով կարգավորում և խթանում են գոնադների (ձվարաններ և ամորձիներ) աճն ու ֆունկցիաները:

FSH-ը գլիկոպրոտեին է՝ կազմված երկու ենթամիավորներից՝ ալֆա և բետա շղթաներից: Մոլեկուլյար զանգվածը շուրջ 32 հազար Դալտոն է:

FSH-ը սինթեզվում է հիպոֆիզի առաջնային բլթի բազոֆիլ բջիջների կողմից՝ գոնադոլիբերինի, սեռական հորմոնների (բացասական հակադարձ կապ) և ինգիբինի հսկողության ներքո: FSH-ը արտազատվում է արյան հուն պուլսային եղանակով՝ 1-4 ժամ ինտերվալներով, ըստ որում, արյան հուն ներզատումից հետո (որը տևում է մինչև 15 րոպե) արյան պլազմայում հորմոնի մակարդակը 1,5-2,5 անգամ գերազանցում է օրվա միջին մակարդակը: FSH-ի սեկրեցիան ենթարկվում է նաև եղանակային տատանումների. ամռան ամիսներին տղամարդկանց մոտ FSH-ի մակարդակն ավելի բարձր է, քան տարվա այլ եղանակներին:

Կանանց մոտ գոնադոտրոպինները հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ կարգավորիչ օղակի ներսում վերահսկում են դաշտանային ցիկլը: FSH-ը լյուտեինացնող հորմոնի հետ միասին խթանում է ձվարաններում ֆոլիկուլների առաջացումն ու հասունացումը, ինչպես նաև օժանդակում է դրանց կողմից էստորգենների կենսասինթեզը: FSH-ի մակարդակն արյան պլազմայում իր առավելագույնին հասնում է դաշտանային ցիկլի կեսերին՝ առաջ բերելով օվուլյացիա: Դաշտանադադարի շրջանում ձվարանների ֆունկցիայի փոփոխության և էստրոգենների սեկրեցիայի կրճատմանը զուգահեռ գրանցվում է FSH-ի բարձր մակարդակ:

Տղամարդկանց մոտ սեռահասունացման շրջանում FSH-ը սկիզբ է տալիս սպերմատոգենեզին, այնուհետև մասնակցում է վերջինիս պահպանմանը: FSH-ը հանդիսանում է նաև սերմնալարերի աճի խթանող գլխավոր գործոնը: FSH-ը բարձրացնում է արյան մեջ տեստոստերոնի մակարդակը՝ այսպիսով ապահովելով սպերմատոզոիդների հասունացման գործընթացները: Տղամարդկանց մոտ FSH-ի և լյուտեինացնող հորմոնի ցածր մակարդակները կարող են դիտարկվել ազոսպերմիայի ժամանակ:

FSH-ի մակարդակի որոշումն օգնում է գնահատել հիպոթալամուս-հիպոֆիզ-գոնադային համակարգում առկա դիսֆունկցիաները: Մասնավորապես, լյուտեինացնող հորմոնի հետ միասին FSH-ը թույլ է տալիս գնահատել քրոմոսոմային աբերացիաներով պայմանավորված հիվանդությունների, ձվարանների պոլիկիստոզների, ամենոռեայի, դաշտանադադարի համախտանշի պատճառներն ու բնույթը:

Նախապատրատում

Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել:

Արյունը հանձնելուց 3 օր առաջ անհրաժեշտ է բացառել ֆիզիկական լարվածությունը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը: Արյան կենսանմուշը վերցնելուց անմիջապես առաջ հետազոտվողը պետք է գտնվի հանգիստ պայմաններում:

Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Ելնելով FSH-ի և լյուտեինացնող հորմոնի սեկրեցիայի պուլսացվող բնույթից, ցանկալի է այս երկու հետազոտությունները կատարել արյան երեք նմուշների միջոցով՝ 30 րոպեանոց ինտերվալներով:

Հետազոտության ցուցումներ

  • լիբիդոյի և սեռական պոտենցիայի նվազում
  • անպտղություն
  • անօվուլյացիա
  • օլիգոմենորեա և ամենորեա
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ
  • անհաջող հղիություններ
  • վաղաժամ սեռահասունացում կամ սեռահասունացման դանդաղում
  • աճի դանդաղում
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
  • էնդոմետրիոզ
  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքման համախտանիշ
  • հորմոնային բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն

Արդյունքների մեկնաբանում

FSH-ի մակարդակի բարձրացում

  • առաջնային հիպոգնադիզմ (տղամարդկանց մոտ)
  • հիպերգոնադոտրոպային հիպոգոնադիզմ, ձվարանների հյուծման համախտանիշ (կանանց մոտ)
  • հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
  • Սվաերի համախտանիշ (46, XY)
  • Շերշևսկի-Տերների համախտանիշ (46, X0)
  • տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ (ֆոլիկուլի պերսիստենցիայի ժամանակ)
  • ծխախոտի օգտագործում
  • ռենտգենյան ճառագայթների ազդեցություն
  • երիկամային անբավարարություն
  • սեմինոմա
  • գոնադոտրոպինին համարժեք ազդող նյութերի էկտոպիկ արտադրություն (հատկապես թոքերի նորագոյացությունների ժամանակ)
  • որոշ դեղերի ընդունում՝ ռիլիզինգ-հորմոն, կետոկոնազոլ, լևոդոպա, նաֆարելին, նալոքսոն, նիլուտամիդ, օքսկարբազեպին, ֆենիտոին, պրավաստատին (բուժումից 6 ամիս անց), տամոքսիֆեն (տղամարդկանց մոտ՝ օլիգոզոպերմիայով և կանանց մոտ՝ նախադաշտանադադարի շրջանում)

FSH-ի մակարդակի նվազեցում

  • երկրորդային (հիպոթալամիկ) ամենորեա
  • հիպոգոնադոտրոպային հիպոգոնադիզմ (կենտրոնական ձև)
  • հիպոֆիզար նանիզմ
  • Շիհանի համախտանիշ
  • Սամոնդսի հիվանդություն
  • Դենի-Մորֆանի համախտանիշ
  • հիպերպրոլակտինեմիա
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (ատիպիկ ձև)
  • սովահարություն
  • գիրացում
  • վիրաբուժական միջամտություններ
  • կապարի հետ շփում
  • որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, բուզերելին, կարբամազեպին, դանազոլ, դիէթիլսիլբեստրոլ, գոզերելին, մեգեստրոլ, պերօրալ հակաբեղմնավորիչներ, ֆենիտոին, պիմոզիդ, պրավաստատին (երկու տարվա ընթացքում բուժում), ստանոզոլոլ, կորտիկոտրոպին-ռիլիզինգ-հորմոնի անալոգներ դաշտանային ցիկլի լյուտեինացման փուլի կեսերին, տամոքսիֆեն (կանանց մոտ՝ դաշտանադադարի ժամանակ), տորեմիֆեն, վալպրոյաթթու, բոմբեզին, բրոմկրիպտին, ցիմետիդին, կլոմիֆեն, գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոն, սոմատոտրոպ հորմոն

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Սույն նյութից օգտվելիս հղումը դեպի բնօրինակը պարտադիր է։