Ազատ թիրոքսին

2013-2016 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Ընդհանուր նկարագիր

Ազատ թիրոքսինը սպիտակուցների սինթեզի կարևորագույն խթանիչն է:

Թիրոքսինն արտադրվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (TSH ) հսկողության ներքո: Շրջանառող արյան ընդհանուր թիրոքսինի մեծ մասը կապված է տեղափոխող սպիտակուցների հետ։ Կենսաբանական ակտիվությամբ օժտված է թիրոքսինի՝ արյան պլազմայի սպիտակուցների հետ չկապված մասը՝ ազատ թիրոքսինը (FT4), որը կազմում է ընդհանուրի 3-5%-ը:

Թիրոքսինը հանդիսանում է ավելի ակտիվ եռյոդթիրոնինին (T3) նախորդող նյութը, սակայն օժտված է թեև T3-ից ավելի թույլ, սակայն սեփական ազդեցություններով: Արյան մեջ թիրոքսինի մակարդակը գերազանցում է Т3-ի մակարդակը:

Բարձրացնելով հիմնական փոխանակության արագությունը, թիրոքսինը բարձրացնում է ջերմաառաջացումը և հյուսվածքների կողմից թթվածնի ծախսը՝ բացառությամբ գլխուղեղի, փայծաղի և ձվարանների, որի արդյունքում բարձրանում է վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջարկը: Այս հորմոնը խթանում է նաև լյարդում վիտամին A-ի սինթեզը, նվազեցնում է արյան խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև արագացնում սպիտակուցային փոխանակությունը: Այն նաև խթանում է մեզով կալցիումի էքսկրեցիան, ոսկրային հյուսվածքներում ընթացող նյութափոխանակությունը (ավելի շատ՝ ոսկրի ռեզորբցիան): Թիրոքսինը խթանում է ռետիկուլյար ֆորմացիան և կենտրոնական նյարդային համակարգի կեղևային գործունեությունը: Այս հորմոնն արգելակում է թիրեոտրոպ հորմոնի (TSH ) արտադրությունը:

Օրվա ընթացքում թիրոքսինի առավելագույն մակարդակը գրանցվում է առավոտյան 8:00-ից մինչև կեսօր, իսկ նվազագույնը՝ 23:00-ից մինչև գիշերվա 03:00-ն: Ընդհանուր T4-ին բնորոշ է նաև սեզոնային փոփոխականությունը. առավելագույն մակարդակը գրանցվում է սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ նվազագույնը՝ ամառային ամսիներին:

Հղիության ընթացքում թիրոքսինի մակարդակն աճում է՝ առավելագույնին հասնելով 3-րդ եռամսյակին, որը պայամանավորված է էստրոգենների ազդեցությամբ թիրոքսին-կապող գլոբուլինների մակարդակի բարձրացմամբ: Նույն այս ընթացքում ազատ թիրոքսնի մակարդակն իջնում է:

Որպես կանոն, ազատ թիրոքսինի մակարդակը վահանագեղձի հետ կապ չունեցող նույնիսկ ծանր հիվանդությունների ժամանակ մնում է կայուն, որոնց ժամանակ ընդհանուր թիրոքսինի մակարդակը կարող է նվազել:

Ազատ թիրոքսինի մակարդակի բարձրացմանը նպաստում են արյան շիճուկի բիլիռուբինի բարձր ցուցանիշները, գիրացումը, արյունը վերցնելիս ձեռքին երակային լարանի առկայությունը:

Նախապատրատում

Հետազոտությունից 1 ամիս առաջ էնդոկրինոլոգի թույլտվությամբ անհրաժեշտ է բացառել վահանագեղձի հորմոնների ընդունումը: Հետազոտությունից 2-3 օր առաջ անհրաժեշտ է բացառել նաև 131I և 99mTс, ինչպեես նաև յոդ պարունակող դեղերի ընդունումը: Արյան փորձանմուշը պետք է վերցնել ռենտգենոկոնտրաստային հետազոտությունից առաջ:

Հետազոտությունը նախորդող օրը պետք է բացառել մարմնամարզումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսը: Անմիջապես արյունը հանձնելուց առաջ պացիենտը շուրջ 30 րոպե պետք է գտնվի հանգիստ վիճակում:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Հետազոտության ցուցումներ

  • TSH հորմոնի մակարդակի բարձրացում կամ կրճատում
  • ախտորոշված դիֆուզ թունավոր խպիպի ընթացքի և բուժման հսկողություն (1,5-2 տարվա ընթացքում՝ ամսական 1-3 անգամ)
  • խպիպ
  • հիպոթիրեոզի կամ թիրեոտոքսիկոզի կլինիկական պատկեր

Արդյունքների մեկնաբանում

Ազատ թիրոքսինի մակարդակի բարձրացում

  • թունավոր խպիպ
  • թիրեոիդիտ
  • թիրեոտոքսիկ ադենոմա
  • թիրեոիդ հորմոնների նկատմամբ ռեզիստենտության համախտանիշ
  • TSH-անկախ թիրեոտոքսկիկոզ
  • հիպոթիրեոիդիզմ, թիրոքսինով բուժում
  • ընտանեկան դիզալբումինեմիկ հիպերթիրոքսինեմիա
  • վահանագեղձի հետծննդյան դիսֆունկցիա
  • վիճակներ, որոնք ուղեկցվում են թիրեոիդ-կապող գլոբուլինի կապող ունակության նվազեցում
  • IgG-ի բարձր մակարդակով միելոմաներ
  • նեֆրոտիկ համախտանիշ
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • T4-ի ինքնաբուժման պատճառով արտիֆիցիալ թիրեոտոքսիկոզ
  • մարմնի զանգվածի ավելացում, ճարպակալում
  • այնպիսի դեղերի ընդունում, ինչպիսիք են՝ ամիոդարոն, ռենտգեն-կոնտրաստ յոդ պարունակող դեղեր (իոպանոեաթթու, թիրոպանեաթթու), վահանագեղձի հորմոննային դեղեր (լևոթիրոքսին), թիրեոլիբերին, թիրեոտրոպին, լևոդոպա, սինթետիկ էստրոգեններ (մեստրանոլ, ստիլբեստրոլ), օփիատներ (մեթադոն), պերօրալ հակաբեղմնավորիչներ, ֆենոթիազին, պրոստոգլանդիններ, տամոքսիֆեն, պրոպիլթիոուրացիլ, ֆլուորոուրացիլ, ինսուլին
  • հեպարինաբուժում և հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ազատ ճարպաթթուների մակարդակի բարձրացմամբ

Ազատ թիրոքսինի մակարդակի նվազեցում

  • առաջնային հիպոթիրեոզ, որը չի բուժվել թիրոքսինով (բնածին և ձեռքբերովի՝ տեղային խպիպ, աուտոիմուն թիրեոիդիտ, վահանագեղձի նորագոյացություններ, վահանագեղձի մեծածավալ ռեզեկցիա)
  • երկրորդային հիպոթիրեոզ (Շիհանի համախտանիշ, հիպոֆիզի շրջանի բորբոքային պրոցեսներ, թիրեոտորպինոմա)
  • երրորդային հիպոթիրեոզ (գանգուղեղային վնասվածքներ, հիպոթալամուսի շրջանի բորբոքային պրոցեսներ)
  • սպիտակուցների և յոդի ցածր պարունակությամբ դիետա
  • շփում կապարի հետ
  • վիրաբուժական միջամտություններ
  • ճարպակալմամբ կանանց կտրուկ նիհարում
  • հերոինային թմրամոլություն
  • որոշ դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, հակացնցումային միջոցներ (ֆենիտոին, կամբամազեպին), թիրեոստատիկների գերդոզավորում, կլոֆիբրատ, լիթիումի պրեպարատներ, մեթադոն, օկտրեոտիդ, օրալ հակաբեղմնավորիչներ

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Սույն նյութից օգտվելիս հղումը դեպի բնօրինակը պարտադիր է։