Մեզի ալբումին (միկրոալբումինուրիա) (ALB-T/U)


Ընդհանուր տեղեկություններ

Մեզում ալբումինը կամ միկրոալբումինուրիան հանդիսանում է երիկամային կծիկների ախտահարման մարկեր:

Ալբումինը անածխածին սպիտակուց է, որ կազմում է արյան պլազմայի ընդհանուր սպիտակուցի 55-65%-ը: Այն ապահովում է պլազմայի օնկոտիկ ճնշումը, ինչպես նաև մասնակցում է բազմաթիվ լիգանդների տեղափոխմանը և պահպանմանը: Միաժամանակ, ալբումինը էնդոգեն ամինաթթուների աղբյուր է:

Նորմայում երիկամները խոչընդոտում են մեզով շիճուկային ալբումինի կորուստը, թեև նորմալ մեզում ալբումինը կարող է ի հայտ գալ չնչին՝ հետքային քանակներով: Մեզով ալբումինի կորուստը կանխարգելվում է վերջինիս մեծ չափսի (69 կԴալտոն), բացասական լիցք ունենալու և խողովակիկային ռեաբսորբցիայի շնորհիվ: Հակառակ վերոնշյալին, կծիկների չափսերի, ալբումինի լիցքի տեղաշարժերի կամ խողովակիկների ռեաբսորբցիոն ունակության խաթարման դեպքում մեզում ալբումինը կարող է ի հայտ գալ ավելի մեծ քանակներով:

Ալբումինի հեռացումը մեզով առավել ուժգնանում է հատկապես երիկամների կծիկային՝ գլոմերուլյար ֆունկցիայի խանգարման, քան տուբուլյար հիվանդությունների ժամանակ: Ահա թե ինչու մեզում ալբումինը համարվում է նախ և առաջ կծիկային դիսֆունկցիայի կարևոր մարկեր:

Մեզով ալբումինի հեռացման ոչ մեծ ուժգնացումը (20-200 մգ/օր), որը կոչվում է միկրոալբումինուրիա, հանդիսանում է դիաբետիկ նեֆրոպաթիաների վաղ ախտորոշման և վերահսկման բացառիկ օբյեկտիվ կլինիկո-ախտորոշիչ ցուցանիշ: Միկրոալբումինուրիան հանդիպում է ինսուլինկախյալ շաքարային դիաբետով հիվանդների շուրջ 40%-ի մոտ:

Այն հանդիսանում է նաև դիաբետիկ նեֆրոպաթիաներին սրտանոթային հիվանդությունների միացման ահազանգներից մեկը:

Այսպիսով, ալբումինուրիան հանդիսանում է շաքարային դիաբետ-նեֆրոպաթիա-հիպերթենզիա-ալբումինուրիա շղթայով զարգացող ախտաբանաֆիզիոլոգիական փոփոխությունների արդյունքը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ 24-ժամյա մեզ


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում

Օրական մեզի հավաքումը

  • Մեզը հավաքվում է մեկ օրվա ընթացքում: Առավոտյան մեզի առաջին պորցիան հեռացվում է, իսկ հետագա 24 ժամվա ընթացքում մնացած չափաբաժինները հավաքվում է մեկ տարայի մեջ, որն ամբողջ ընթացքում պահպանվում է սառնարանային պայմաններում (+4…+8°С):
  • Մեզը հավաքելու ավարտին մեզի ծավալը ճշտորեն չափվում է, ամբողջ պարունակությունը խառնվում է, որից որոշակի փոքր քանակություն վերցվում է ստերիլ փոքր տարայով:
  • Հետազոտության բերվում է միայն ստերիլ փոքր տարան, այլ ոչ թե ամբողջ օրվա մեզը: Անհրաժեշտ է նշել նաև օրական մեզի ծավալը (դիուրեզ) միլիլիտրերով:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ ախտորոշում
  • գլոմերուլոնեֆրիտ
  • զարկերակային գերճնշում
  • երիկամի փոխպատվաստման հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մգ/24 ժամ (միլիգրամ/24 ժամ)

Այլընտրանքային չափման միավոր

մկմոլ/օր (միկրոմոլ/24 ժամ)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

մինչև 30 մգ/24 ժամ (կամ մինչև 20 մգ/լ)

Այլընտրանքային նորմալ արժեքներ

մինչև 0,456 մկմոլ/24 ժամ (կամ մինչև 0,304 մկմոլ/լ)


Շեղված արդյունքների մեկնաբանում

Մեզում ալբումինի մակարդակի բարձրացում

  • զարկերակային գերճնշում
  • գլոմերուլոնեֆրիտ
  • երիկամների բորբոքային հիվանդություններ
  • երիկամային տրանսպլանտանտի անջատում
  • կծիկային նեֆրոպաթիա
  • դիաբետ
  • ֆրուկտոզայի բնածին անտանելիություն (բնորոշ նշան է !)
  • ինտենսիվ ֆիզիկական աշխատանք
  • հիպերթերմիա կամ հիպոթերմիա
  • հղիություն
  • կանգային սրտային անբավարարություն
  • թունավորում ծանր մետաղներով
  • սարկոիդոզ
  • համակարգային կարմիր գայլախտ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Urine Albumin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ALB-T/U

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ALB-T/U թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը