Ասկարիդների նկատմամբ IgG հակամարմիններ (ASC IgG)


Ընդհանուր տեղեկություններ

Ասկարիդի նկատմամբ IgG դասի հակամարմինները հանդիսանում են ասկարիդոզի շճաբանական մարկերը:

Ասկարիդոզը հելմիթոզ կամ ճիճվային վարակ է, որը հարուցվում է կլոր որդ ասկարիդներից (Ascaris lumbricoides):

Մարդը, որի աղիներում մակաբուծվում են արու և էգ ասկարիդները, հանդիսանում է այս ինվազիայի միակ աղբյուրը: Չափահաս ասկարիդները բնակվում են բարակ աղիներում, որտեղ էգերը բեղմնավորվելուց հետո օրական արտադրում են շուրջ 200 հազար ձվիկներ: Կղանքի հետ հայտնվելով արտաքին միջավայրում, ասկարիդի ձվիկները բարենպաստ պայմաններում (ջերմաստիճանը՝ 12-36°, լավագույնը՝ 24-26°, բավարար խոնավություն և թթվածին) զարգանում են 10-15 օր և ավելի ժամանակաշրջանի ընթացքում: Մարդու կողմից ասկարիդի հասունացած ձվերը կուլ տալուց հետո բարակ աղիների վերին հատվածներում դրանցից դուրս են գալիս հարսնյակները, որոնք աղիքի պատից թափանցում են դեպի ստորին սիներակի ավազան և հետագայում՝ լյարդ ու թոքեր, որտեղից էլ անցնում են ալվեոլներ ու բրոնխներ: Թոքերում դրանք շնչուղիների էպիթելով բարձրանում են մինչև ըմպան և դարձյալ կուլ տրվելով՝ անցնում ստամոքսաղիքային տրակտ: Բարակ աղիներում երկրորդ անգամ հայտնվելուց հետ 70-75 օրվա ընթացքում հարսնյակները վերաճում են հասուն մակաբույծների, որոնք կարող են արտադրել ձվիկներ:

Չափահաս ասկարիդի կյաքի տևողությունը հասնում է մինչև մեկ տարվան, որից հետո այն մահանում է և կղանքի հետ հեռացվում օրգանիզմից, ահա թե ինչու նույն անձի մոտ մի քանի տարվա ընթացքում ասկարիդոզի առկայությունը կարող է բացատրվել միայն կրկնակի վարակմամբ:

Ասկարիդով մարդու վարակումն ընթանւմ է ֆեկալ-օրալ մեխանիզմով, փոխանցման ուղիներն են՝ սննդով, ջրով և կենցաղային: Ասկարիդոզի տարածմանը նպաստում են չախտահանված ֆեկալիաներով պարարտացված հողում աճեցված բանջարեղենների, հատապտուղների և կանաչեղենի օգտագործումը:

Ասկարիդոզի կլինիկական ընթացքում առանձնացնում են երկու փուլ՝ վաղ (միգրացիոն) և ուշ (աղիքային): Առաջին փուլը համընկնում է հարսնյակների տեղաշարժի հետ, մինչդեռ երկրորդ փուլը պայմանավորված է հելմինթների՝ աղիներում մակաբուծվելով և հնարավոր բարդություններով: Ասկարիդոզի հիմնական կլինիկական նշանները պայմանավորված են թոքերի ախտահարմամբ (չոր հազ, հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում), սուբֆեբրիլ տենդով, մաշկի ցանավորմամբ և քորով, ընդհանուր թուլությամբ, գլխացավերով, մինչև 20-30% էոզինոֆիլիայով, հիպերլեյկոցիտոզով: Ասկարիդոզի քրոնիկ փուլում ի հայտ են գալիս սրտխառնոցը, աղիների գործունեության խանգարումները, որովայնային ցավերը, քնի խանգարումները: Ասկարիդոզի հնարավոր բարդություններն են՝ պանկրեատիտ, ապենդիցիտ, աղիքային անացանելիություն:

Ասկարիդոզի աղիքային փուլի լաբորատոր ախտորոշումը հիմնված է կղանքի քննությամբ ասկարիդի ձվիկների կամ ախտորոշիչ դեհելմինթիզացիայից հետո կղանքում ասկարիդի հասուն ձևերի հայտնաբերման վրա: Սակայն, արդեն իսկ վաղ (միգրացիոն կամ հարսնյակային) փուլում ասկարիդոզը կարելի է ախտորոշել իմունոլոգիական հետազոտությունների շնորհիվ՝ ասկարիդների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերման միջոցով: Չնայած ախտորոշումը չի կարող հաստատվել միայն շճաբանական հետազոտության միջոցով, լաբորատոր այս հետազոտության արդյունքների համադրումն անամնեզի և կլինիկական նշանների հետ թույլ է տալիս վաղ ախտորոշել և սկսել բուժումը մինչև հիվանդության կլինիկական նշանների ծաղկելը և բարդությունների զարգացումը:

Իմունոդիֆիցիտային վիճակներում և նորածինների մոտ ասկարիդի շճաբանական ախտորոշման դերը սահմանափակ է:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • ասկարիդոզի առկայության կլինիկական կասկած

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Գործակից (ինդեքս)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Բացասական (ասկարիդոզը բացակայում է)՝ գործակիցը < 0,9
  • Սահմանային (կասկածելի, գորշ զոնա)՝ գործակիցը գտնվում է 0,9-1,0 միջակայքում
  • Դրական (ասկարիդոզը մեծ հավանականությամբ առկա է)՝ գործակիցը 1,0-ից բարձր է

Շեղված արդյունքների մեկնաբանում

Դրական պատասխան

  • ասկարիդոզ, միգրացիոն փուլ
  • կեղծ-դրական պատասխաններ (թեստի սպեցիֆիկությունը՝ 90%)

Բացասական պատասխան

  • ճիճվային ինվազիայի բացակայություն
  • ասկարիդի նկատմամբ IgG հակամարմինների ցածր մակարդակ (վաղ կամ ուշ փուլեր, թույլ արտահայտված իմունային պատասխան)

Կասկածելի պատասխան

  • խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 2-4 շաբաթվա ընթացքում, և, եթե կրկնակի հետազոտությամբ դարձյալ ստացվում է սահմանային մակարդակ, հետազոտության արդյունքը պետք է մեկնաբանել որպես բացասական

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Ascaris Lumbricoides IgG

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ASC IgG

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ASC IgG թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը