Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 19-9 (СА 19-9)


Ընդհանուր տեղեկություններ

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 19-9-ը (СА 19-9) համարվում է ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի մարկեր:

СА 19-9-ն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի, ավելի հազվադեպ՝ ստամոքսի (այս ուռուցքների համար իր նշանակությամբ երկրորդ մարկերն է) և լյարդի ուռուցքային բջիջների կողմից: СА 19-9-ը գլիկոպրոտեին է, որը նորմայում արտադրվում է պտղի ստամոքսաղիքային ուղու էպիթելիալ բջիջների կողմից (Մյուլլերյան ծորան, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, լյարդ, հաստ և բարակ աղիներ): Մոլեկուլյար զանգվածը բարձր է՝ մինչև 1000 kDa-ի (Da-ն Դալտոնն է՝ զանգվածի ատոմային միավորը): Նորմայում չափահասների մոտ ոչ զգալի քանակներով СА 19-9 կարող է հայտնաբերվել լորձաէպիթելիալ, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և թոքերի բջիջներում:

Որպես օնկոմարկեր, չունի բարձր սպեցիֆիկություն, ուստի և սքրինինգային հետազոտությունների համար պիտանի չէ: Մարկերի մակարդակը էապես կախված է լաբորատոր որոշման մեթոդից, ուստի և կրկնակի հետազոտությունները պետք է կատարվեն նույն մեթոդով, ցանկալի է՝ նույն լաբորատորիայում:

СА 19-9-ի բարձրացած մակարդակը կարող է հանդիսանալ հաստ և ուղիղ աղու քաղցկեղով հիվանդների մոտ վատ պրոգնոստիկ նշան: СА 19-9-ի մակարդակի բարձրացման չափը կախված չէ ուռուցքի չափսերից, սակայն այս թեստը կարող է օգտագործվել հիվանդության ընթացքը հսկելու համար: 10000 ՄՄ/մլ և ավելի բարձր ցուցանիշների հասնելը վկայում է ուռուցքի մետաստազավորման մասին:

СА 19-9-ն օրգանիզմը լքում է միայն լեղու միջոցով, ուստի և ցանկացած բնույթի խոլեսթազը կարող է զգալիորեն բարձրացնել արյան պլազմայի СА 19-9-ի մակարդակը: Նման դեպքերում ախտորոշումը ճշտելու համար միաժամանակ պետք է հետազոտել գամա-գլյուտամիլտրանսֆերազը (GGT) և հիմնային ֆոսֆատազը (ALP):

СА 19-9-ի միջոցով կարելի է գնահատել ենթաստամոքսային գեղձի ռեզեկցիայի հնարավորությունը: 1000 ՄՄ/մլ-ից բարձր ցուցանիշների դեպքում ուռուցքների միայն 5%-ն է ենթակա վիրահատման, իսկ 1000 ՄՄ/մլ-ից ցածր արժեքների դեպքում՝ արդեն 50%-ը:

Վիրահատությունից հետո ուռուցքի ռեցիդիվը հնարավոր է, եթե СА 19-9 մարկերի մակարդակը բարձրանում է հետվիրահատական 1-7 ամսվա ընթացքում: Այս ցուցանիշը թույլ է տալիս նաև գնահատել մետաստազների առկայությունը. СА 19-9-ի խիստ բարձր (>10000 ՄՄ/մլ) ցուցանիշներով հիվանդների մոտ գործնականում միշտ էլ առկա են հեռավոր մետաստազներ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ առաջ (ցանկալի է 12 ժամ առաջ): Հյութ, սուրճ, թեյ (առավել ևս՝ քաղցր) չի կարելի: Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և տարվող բուժման արդյունավետության գնահատում
  • ստամոքսի քաղցկեղի հնարավոր ռեցիդիվով հիվանդների հսկողություն՝ CEA-ի հետ զուգակցված
  • հաստ աղու CEA-բացասական կարցինոմաներ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Մ/մլ (միավոր/միլիլիտր)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Մինչև 37 Մ/մլ


Շեղված արդյունքների մեկնաբանում

CA 19-9 մակարդակի բարձրացում

Օնկոլոգիական հիվանդություններ (մակարդակի զգալի բարձրացում)

  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ (զգայունությունը՝ մինչև 70-100%)
  • լեղապարկի կամ լեղուղիների քաղցկեղ և լյարդի առաջնային քաղցկեղ (հեպատոբիլիար համակարգի քաղցկեղի նկատմամբ զգայունությունը հասնում է մինչև 22-51 %)
  • ստամոքսի քաղցկեղ
  • կոլոռեկտալ քաղցկեղ
  • կրծքագեղձի քաղցկեղ
  • ձվարանների, արգանդի քաղցկեղ

Սոմատիկ հիվանդություններ (ոչ զգալի բարձրացում մինչև 100 Մ/մլ, հազվադեպ՝ մինչև 500 Մ/մլ)

  • սուր և քրոնիկ հեպատիտներ
  • խոլելիթիազ (լեղաքարային հիվանդություն)
  • խոլեցիստիտ
  • լյարդի ցիռոզ
  • մուկովիսցիդոզ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Carbohydrate (Cancer) Аntigen 19-9

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ СА 19-9

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում СА 19-9 թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը