Կալցիտոնին (CT)


Ընդհանուր տեղեկություններ

Կալցիտոնինը կալցիումի նյութափոխանակության կարգավորիչն է, որն ուռուցքաբության ոլորտում նշանակվում է որպես վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի մարկեր:

Կալցիտոնինը պեպտիդային հորմոն է, որը գլխավորապես արտադրվում է վահանագեղձի պարաֆոլիկուլյար C-բջիջների կողմից, ինչպես նաև քիչ քանակներով՝ այլ օրգաններում (օրինակ՝ թոքեր):

Կալցիտոնինի նկատմամբ ընկալիչները հայտնաբերվում են օստեոկլաստներում, մոնոցիտներում, երիկամներում, գլխուղեղում, հիպոֆիզում, ընկերքում, սեռական գեղձերում, թոքերում և լյարդում: Այս հորմոնի դերը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում: Կալցիտոնինն ունի հիպոկալցեմիկ ազդեցություն՝ օստեոկլաստների ակտիվությունն արգելակելու և ոսկրային ռեզորբցիայի արագությունը նվազեցնելու, երիկամներով կալցիումի ետներծծումը կրճատելու և աղիներում կալցիումի ներծծումն ընկճելու հաշվին: Կալցիտոնինը նաև կրճատում է ֆոսֆատների երիկամային ետներծծումը՝ առաջ բերելով արյան ֆոսֆորի չափավոր նվազեցում: Ֆունկցիոնալ առումով այն պարաթիրեոիդային հորմոնի ներհակորդն է, սակայն օրգանիզմում կալցիում-ֆոսֆորային փոխանակության մեջ ունի ավելի փոքր դեր:

Վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի ժամանակ կալցիտոնինի ավելցուկը կամ թիրեոիդէկտոմիային հաջորդող հիպոկալցիտոնինեմիան արյան շիճուկի կալցիումի մակարդակի զգալի շեղումների կամ ոսկրային զանգվածի զգալի փոփոխության պատճառ չի հանդիսանում: Այնուամենայնիվ, կալցիտոնինի սեկրեցիան ուղիղ դրական կապով կարգավորվում է արյան շիճուկի կալցիումի մակարդակի միջոցով: Քայքայվում և օրգանիզմից հեռանում է երիկամներով, ուստի և երիկամային անբավարարության ժամանակ կարող է գրանցվել արյան շիճուկի կալցիտոնինի մակարդակի բարձրացում:

Լաբորատր ախտորոշման ոլորտում կալցիտոնինն օգտագործվում է գլխավորապես վահանագեղձի մեդուլյար քաղցկեղի ախտորոշման մեջ: Որոշ դեպքերում կարող է կիրառվել պրովոկացիոն-խթանիչ թեստի անցկացման մեջ, երբ կալցիումի և/կամ պենտագաստրինի ներմուծմամբ վահանագեղձի մեդուլյար կարցինոմայով հիվանդների մոտ գրանցվում է կալցիտոնինի մակարդակի կտրուկ աճ:

Այս հիվանդության ժամանակ կալցիտոնինի մակարդակը կարող է բարձրանալ մինչև կլինիկական նշանների ի հայտ գալը: Քանի որ մեդուլյար կարցինոմայի դեպքերի 20%-ում առկա է ընտանեկան գործոնը, արյան շիճուկի կալցիտոնինի որոշումը կարող է կիրառվել նաև որպես սքրինինգային հետազոտություն:

Այնուամենայինվ, պետք է հաշվի առնել նաև, որ կալցիտոնինի մակարդակի բարձրացումն ինքնին չի կարող ախտորոշումը հաստատելու հիմք հանդիսանալ, քանի որ այս հորմոնը կարող է արտադրվել նաև այլ, հատկապես՝ նեյրոէնդոկրին բնույթի քաղցկեղային բջիջների կողմից:

Կալցիտոնինի հետազոտությունը նշանակելիս պետք է նաև նկատի ունենալ այս հորմոնի մակարդակի ցիրկադային փոփոխությունը: Մասնավորապես, կալցիտոնինի արտադրությունը խթանվում է կեսօրին:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը հանձնելու նախորդող օրերին խորհուրդ է տրվում բացառել հուզական սթրեսը, ծանր ֆիզիկական լարվածությունը: Արյունը պետք է հանձնել առավոտյան, խիստ քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից 2-12 ժամ անց): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Անմիջապես արյունը հանձնելուց առաջ 30 րոպեի ընթացքում հետազոտվողը պետք է գտնվի հանգիստ վիճակում:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • վահանաձև գեղձի մեդուլյար կարցինոմայի ախտորոշում
  • վահանաձև գեղձի ռեզեկցիայի արդյունավետության գնահատում և հետագա հսկողություն
  • վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղով հիվանդի ընտանիքի անդամների սքրինինգային հետազոտություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ

  • Տղամարդիկ՝ (0,2-27,7) պգ/մլ
  • Կանայք՝ (0,1-10,9) պգ/մլ

Շեղված արդյունքների մեկնաբանում

Կալցիտոնինի մակարդակի բարձրացում

  • վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ
  • վահանաձև գեղձի С-բջիջների հիպերպլազիա
  • թոքերի, կրծքագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների որոշ դեպքեր
  • Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
  • պերնիցիոզ անեմիա
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ուրեմիա
  • պսևդոհիպերպարաթիրեոիդիզմ
  • APUD համակարգի բջջային ուռուցքներ
  • կարցինոիդ համախտանիշ
  • ալկոհոլային ցիռոզ
  • պանկրեատիտ
  • թոքերի բարորակ նորագոյացություններ
  • լեյկեմիա և միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ
  • ուռուցքների այլ տեսակներ, հատկապես նեյրոէնդոկրին բնույթի
  • քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • հղիություն
  • ֆեոխրոմոցիտոմա
  • թիրեոիդիտներ

Կալցիտոնինի մակարդակի 100 պգ/մլ և ավելի բարձր ցուցանիշներ գրանցվում են վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի, լեյկեմիաների, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ:

Կալցիտոնինի մակարդակի նվազեցում (դինամիկայում)

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Calcitonin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CT

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում CT թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը