Իոնական կալցիում (Ca++)


Ընդհանուր տեղեկություններ

Իոնական կամ ազատ կալցիումն արյան պլազմայի կալցիումի ֆիզիոլոգիական ակտիվ մասն է:

Կալցիումի բոլոր ֆիզիոլոգիական ազդեցությունները (մասնակցություն մկանային կծկմանը, հորմոնների սեկրեցիայի մեխանիզմներին, նյարդահաղորդականությանը, բջիջների տրոհմանը և այլն) իրականացվում է այս միկրոտարրի իոնական ձևի միջոցով:

Իոնական կամ ազատ կալցիումը (Ca++) կազմում է ընդհանուր կալցիումի 43%-50%-ը:

Իոնական կալցիումի մակարդակը տատանվում է օրվա ընթացքում՝ նվազագույնին հասնելով երեկոյան ժամը 20-ի, իսկ առավելագույնին՝ գիշեվա ժամը 2-4-ի մոտակայքում:

Ca++-ի մակարդակը կարգավորվում է պարատհորմոնով, կալցիտոնինով, D3 վիտամինի ակտիվ ձևով: Այս հորմոնների արտադրությունն, իր հերթին, կախված է Ca++-ի մակարդակից, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սպիտակուցներ, մագնեզիում (հիպոկալցեմիայի դեպքում պարտադիր պետք է ստուգել մագնեզիումի մակարդակը) և այլն: Շատ կարևոր է նաև արյան թթվա-հիմնային հավասարակշռության ստուգումը, քանի որ ալկալոզը բարձրացնում է կալցիումի կապվելը սպիտակուցների հետ՝ նվազեցնելով այս իոնի մակարդակը, իսկ ացիդոզն, ընդհակառակը, թուլացնում է կալցիումական կապերը՝ մեծացնելով վերջինիս մակարդակը:

Իոնական կալցիումի մակարդակի որոշում թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել հիվանդի մոտ կալցիումական փոխանակության վիճակը, հատկապես վիրահատական միջամտության ենթարկված, վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող, հեպարին, բիկարբոնատներ, կալցիումի և մագնեզիումի պատրաստուկներ ստացող հիվանդների շրջանում:

Հիպերկալցեմիկ վիճակների ախտորոշման մեջ իոնական կալցիումի մակարդակի իմացությունն ավելի ինֆորմատիվ է, քան ընդհանուր կալցիումինը, մասնավորապես, առաջնային հիպերպարաթիրեոիդիզմի ժամանակ (որին բնորոշ է արյան պլազմայի ազատ կալցիումի մակարդակի բարձրացումը՝ ընդհանուրի անփոփոխ պայմաններում), օնկոհիվանդությունների դեպքում և հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ:

Հղիության ընթացքում արյան շիճուկի ընդհանուր կալցիումի մակարդակը ալբումինի մակարդակի նվազեցմանը զուգընթաց նույնպես իջնում է, թեև ազատ կալցիումի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում:

Պտղի մոտ ընդհանուր և ազատ կալցիումի մակարդակները քիչ բարձր է, որը սկսում է նվազել ծնվելուց մի քանի օրվա ընթացքում, որից հետ բարձրանում է՝ հասնելով ավելի մեծ մակարդակի, քան չափահասների մոտ:

Իոնական կալցիումի < 0,8 մմոլ/լ մակարդակի նվազելու պայմաններում հնարավոր են ցնցումներ և տետանուս: Ազատ կալցիումի՝ կյանքին վտանգ սպառնացող ստորին սահմանային ցուցանիշն է՝ < 0,7 մմոլ/լ (որոշ տվյալներով՝ < 0,5 մմոլ/լ):


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ քաղցր): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • հիպեր- և հիպոկալցեմիկ վիճակներ, հատկապես՝ դիսպրոտեինեմիաների հետ զուգակցվելիս
  • կալցիումի մակարդակի հսկողություն՝ ցիտրատային արյան փոխներարկումից հետո, հեպարինաբուժում, տարածուն վնասվածքներ և վիրաբուժական միջամտություններ, սեպսիս, այրվածքներ, պանկրեատիտ, բազմաօրգանային անբավարարություն, լյարդի և երիկամների ծանր ախտահարումներ, չարորակ նորագոյացություններ, մալաբսորբցիա
  • հղի կանանց հետազոտություն
  • սեպսիս
  • դիալիզ և էքստրակորպորալ արյունաշրջանառություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ, արյան շիճուկ՝ (1,16-1,32) մմոլ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք Ca++, մմոլ/լ
1 օր. 1,10 +/- 0,059
3 օր. 1,13 +/- 0,051
5 օր. 1,22 +/- 0,053
1-20 տ. 1,18 +/- 0,069
> 20 տ. 1,15-1,35

Շեղված արդյունքների մեկնաբանում

Իոնական կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)

  • առաջնային հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա)
  • պարատհորմոն արտադրող էկտոպիկ ուռուցքեր
  • D վիտամինի ավելցուկային ընդունում
  • չարորակ ուռուցքներ և դրանց մետաստազներ (իոնական կալցիումի մակարդակի բարձրացում՝ ընդհանուր կալցիումի նորմալ ցուցանիշների պայմաններում)
  • ացիդոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ հիպոքլոթիազիդ (երկարատև ընդունում), լիթիումի պատրաստուկներ, անդրոգեններ

Իոնական կալցիումի մակարդակի նվազեցում (հիպոկալցեմիա)

  • առաջնային հիպոպարաթիրեոիդիզմ
  • կեղծ հիպոպարաթիրեոիդիզմ
  • D վիտամինի դեֆիցիտ
  • սեպսիս
  • սուր պանկրեատիտ
  • երիկամային անբավարարություն
  • կմախքային մկանուքի ծանր ախտահարումներ
  • հեմոդիալիզ՝ դիալիզատում կալցիումի ցածր մակարդակի պայմաններում
  • կալցիումը կոմպլեքսացնող անիոններ (ցիտրատ) պարունակող արյան փոխներարկում
  • տարածուն վնասվածքներ
  • ծանր վիրաբուժական միջամտություններ
  • այրվածքներ
  • բազմաօրգան անբավարարություն
  • մագնեզիումի դեֆիցիտ
  • ալկալոզ
  • հիպոնատրեմիա
  • ատրոֆիկ գաստրիտ
  • փորձանոթում կալցիումը կապող նյութերի առկայություն (ցիտրատներ, օքսալատներ, հեպարին, EDTA և այլն)
  • որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային միջոցներ, դանազոլ, ֆոսկարնետ, ֆուրոսեմիդ (նախնական ազդեցություն)
  • ալկոհոլի ընդունում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Calcium Ionized

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Ca++

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Ca++ թեստն իրականացվում է Roche® 9180 Electrolyte Analyzer® վերլուծիչով:

Տարածել այս էջը