Ընդհանուր կալցիում (Ca-T)


Ընդհանուր տեղեկություններ

Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական բաղադրիչն է և կարևոր կենսածին տարր, որն օրգանիզմում մասնակցում է կարևոր կառուցվածքային, նյութափոխանակային և կարգավորիչ ֆունկցիաներին:

Օրգանիզմի կալցիումի (Ca) 99%-ը պարունակվում է ոսկրային հյուսվածներում (ատամներ, կմախքի ոսկրեր): Ոսկրերում կալցիումը ներկայացված է հիդրօքսիապատիտների տեսքով՝ բյուրեղներ, որոնց կազմության մեջ կալցիումից բացի առկա է նաև ֆոսֆոր: Са-ի միայն 1%-ն է ներկայացված արյան շիճուկում և օրգանիզմի մյուս կենսաբանական հեղուկներում:

Արյան մեջ կալցիումը հանդես է գալիս երեք տարբերակներով՝

  • իոնական (ազատ) կալցիում, որը ֆիզիոլոգիապես ակտիվ է.
  • անիոնների (բացասական իոնների) հետ կապված կալցիում (լակտատ, ֆոսֆատ, բիկարբոնատ, ցիտրատ).
  • սպիտակուցների (հիմնականում՝ ալբումինի) հետ կապված կալցիում:

Օրգանիզմում կալցիումը կատարում է մի շարք ֆունկցիաներ՝ ստեղծում է հիմք և ապահովում է ոսկրերի և ատամների ամրությունը, մասնակցում է նյարդամկանային գրգռահաղորդմանը (որպես կալիումի իոնների ներհակորդ) և մկանային կծկմանը, կարգավորում է բջջաթաղանթների թափանցիկությունը և ֆերմենտային ակտիվությունը, մասնակցում է արյան մակարդելիության գործընթացներին (ակտիվացնում է մակարդելիություն VII, IX և X գործոնները) և այլն:

Կալցիումի հեմոսթազը (արյան մեջ կայուն մակարդակը) հանդիսանում է մի շարք գործընթացների հավասարակշռության արդյունք՝ աղիներից կալցիումի ներծծում, ոսկրային փոխանակություն և երիկամներով հեռացում: Այս գործընթացները հսկվում են կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներով՝ պարատհորմոն և կալցիտրիոլ (վիտամին D3), որոնք բարձրացնում են արյան Ca-ի մակարդակը, և կալցիտոնին, որը, հակառակը նվազեցնում է արյան Ca-ի մակարդակը:

Կալցիումի փոխանակության խանգարման լաբորատոր նշանները հիպո- և հիպերկալցեմիաներն են: Ալբումինի մակարդակի ցանկացած ծագման նվազեցումը (հետևաբար՝ ընդհանուր կալցիումի սպիտակուց-կապող ֆրակցիայի կրճատումը) առաջ է բերում արյան շիճուկի ընդհանուր կալցիումի մակարդակի անկում, ըստ որում, նման դեպքերում կենսաբանորեն ակտիվ ազատ (իոնացված) կալցիումի մակարդակի կարող է մնալ անփոփոխ կամ աննշան շեղվել: Ուստի, պետք է հաշվի առնել, որ արյան փորձանմուշի մեջ կալցիումի մակարդակը կարող է կեղծ-նվազել, եթե այն վերցվել է տեղային երակային կանգի պայմաններում:

Հիպոալբումինեմիայի պատճառով արյան պլազմայի կալցիումի մակարդակի նվազեցում դիտարկվում է նաև աղիներով սպիտակուցների ներծծման խանգարումների, քրոնիկ հիվանդությունների, սպիտակուցներից աղքատ դիետայի, լյարդի ցիռոզի, նեֆրոտիկ համախտանիշի ժամանակ: Նման դեպքերում անհրաժեշտություն է ծագում որոշել նաև իոնացված կալցիումը կամ օգտվել որոշ բանաձևերից՝ հիմնված կալցիումի որոշված մակարդակի շտկման վրա ըստ արյան նվազեցված ալբումինի մակարդակի:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • օստեոպորոզի ախտորոշում և սքրինինգ
  • մկանային հիպոտոնիա
  • ցնցումային համախտանիշ
  • պարեսթեզիաներ
  • ստամոքսի և 12-մատյա աղու խոցային հիվանդություն
  • պոլիուրիա
  • սրտանոթային հիվանդություններ (սրտի ռիթմի խանգարումներ, անոթային տոնուսի խանգարումներ)
  • վիրահատական միջամտություններին նախապատրաստում
  • հիպերթիրեոզ
  • չարորակ նորագոյացություններ (թոքերի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ)
  • միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր) և երիկամների այլ հիվանդություններ
  • ոսկրային ցավեր

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

(2,30-2,80) մմոլ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք Ca-T, մմոլ/լ
2-10 օր. 1,90-2,60
10 օր.-24 ամս. 2,25-2,75
24 ամս.-12 տ. 2,20-2,70
12-60 տ. 2,10-2,55
60-90 տ. 2,2-2,55
> 90 տ. 2,05 - 2,4

Շեղված արդյունքների մեկնաբանում

Արյան շիճուկում ընդհ. կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)

  • առաջնային հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա)
  • չարորակ նորագոյացություններ (օստեոլիզիս ոսկրերի առաջնային կամ մետաստատիկ ախտահարման ժամանակ՝ հատկապես կրծքագեղձի, թոքերի, երիկամների մետաստազների դեպքում, երիկամների, ձվարանների, վահանագեղձի, արգանդի կարցինոմայի դեպքում պարատհորմոնի էկտոպիկ սինթեզ)
  • թիրեոտոքսիկոզ
  • իմմոբիլիզացիոն հիպերկալցիեմիա (օրինակ, բուժական անշարժացում վնասվածքների, Պեջետի հիվանդության, ազդրի բնածին հոդախախտերի, ողնաշարի տուբերկուլոզի ժամանակ )
  • D հիպերվիտամինոզ
  • մակերիկամային անբավարարություն
  • հեմոբլաստոզներ (միելոմային հիվանդություն, լիմֆոմաներ, լեյկոզներ՝ հիպերպլազիայի օջախում ոսկրային հյուսվածքի քայքայման ժամանակ)
  • նորածինների իդիոպաթիրկ հիպերկալցիեմիա (Վիլյամսի համախտանիշ)
  • ժառանգական հիպոկալցիուրիկ հիպերկալցեմիա
  • սուր երիկամային անբավարարություն
  • սարկոիդոզ և այլ գրանուլեմատոզ հիվանդություններ
  • յաթրոգեն հիպերկալցեմիա
  • կաթնա-հիմնային համախտանիշ
  • երիկամների հիվանդություններ (երրորդային հիպերպարաթիրեոզ)
  • թիազիդային միզամուղների գերդոզավորում

Արյան շիճուկում ընդհ. կալցիումի մակարդակի նվազեցում (հիպոկալցեմիա)

  • առաջնային հիպոպարաթիրեոզ (ժառանգական, Х-կապված, Դի Ջորջի համախտանիշ)
  • երկրորդային հիպոպարաթիրեոզ (վիրահատական միջամտության պատճառով, աուտոիմուն ծագման)
  • նորածինների հիպոպարաթիրեոզ՝ մայրերի մոտ հիպերպարաթիրեոզի դեպքում
  • հիպոմագնիեմիա
  • պսևդոհիպոպարաթիրեոզ (ժառանգական հիվանդություն՝ պայմանավորված պարատհորմոնի նկատմամբ հյուսվածքային թիրախ-ընկալիչների անբավարարությամբ)
  • D հիպովիտամինոզ երեխաների ռախիտի և չափահասների օստեոմալյացիայի ժամանակ (ինսոլյացիայի կրճատման, մալաբսորբցիայի և սնուցման խանգարման արդյունք)
  • նեֆրոտիկ համախտանիշին և լյարդի պաթոլոգիաներին ուղեկցող հիպոալբումինեմիա
  • սուր պանկրեատիտ՝ պանկրեոնեկրոզով
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • լյարդային անբավարարություն
  • հակաուռուցքային միջոցների, հակացնցումային պրեպարատների, EDTA, նեոմիցինի ընդունում
  • կալցիումի իոնների սեկվեստրացիա (սուր ալկալոզ, ֆոսֆատնների բարձրացում, մեծ քանակով ցիտրատային արյան փոխներարկում)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Calcium Тotal

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Ca-T

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Ca-T թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը