Քլամիդիա տրախոմատիսի նկատմամբ IgG հակամարմիններ (Chl. Тr. IgG)


Ընդհանուր տեղեկություններ

Chlamydia Trachomatis-ի նկատմամբ տեսակ-սպեցիֆիկ IgG դասի հակամարմինները հանդիսանում են տարած կամ ընթացիկ քլամիդիային վարակի մարկերը:

IgG հակամարմիններն ի հայտ են գալիս Chlamydia Trachomatis-ի օրգանիզմ մուտք գործելուց 15-20 օր անց: Երկարատև ժամանակաշրջանի ընթացքում շրջանառող IgG հակամարմինների առկայությունը վկայում է նախկինում տարած քլամիդիային վարակի մասին: Այն սպեցիֆիկ, բարձր ակտիվության հակամարմին է, որն, այնուամենայնիվ, չի ապահովում քլամիդիայի նկատմամբ կայուն իմունիտետ: IgG-ն պահպանվում է արյան մեջ երկար տարիների, իսկ երբեմն՝ նաև ողջ կյանքի ընթացքում: IgG-ի տիտրն իջնում է վարակի բուժման կամ ընթացքի մեղմացման ժամանակ, իսկ վերաակտիվացման ժամանակ տիտրը կտրուկ բարձրացնում է, երբեմն՝ մինչև 4 անգամ:

Վարակը փոխանցվում է սեռական, կոնտակտային-կենցաղային ճանապարհներով: Ռիսկի խմբերը ներառում են ոչ կանոնավոր սեռական կապեր դրսևորող անձինք և քլամիդիոզով վարակված անձանց ընտանիքի անդամները (հատկապես երեխաները): С. Trachomatis-ի տարրական մարմինների չափսը խիստ փոքր է՝ 0,2-0,4 մկմ, որի պատճառով մեխանիկական կոնտրացեպտիվ միջոցների օգտագործմամբ անգամ սեռական զուգընկերները մնում են ոչ լիարժեք պաշտպանված:

Վարակի առանձնահատկությունները. Քլամիդիոզը բակտերիալ վարակիչ համակարգային բնույթի հիվանդություն է, որն առավելապես դրսևորում է ենթասուր կամ քրոնիկ ընթացք: Բնորոշվում է լորձաթաղանթների էպիթելի վնասմամբ (սեռական օրգաններ, աչքեր, շնչուղիներ):

Chlamydia Trachomatis-ն առկա է երկու ձևերով՝ վարակիչ (տարրական մարմնիկներ)՝ մետաբոլիկ թույլ ակտիվ, որը հարմարեցված է գոյություն ունենալու արտաբջջային միջավայրերում, և վեգետատիվ (ռետիկուլյար մարմնիկներ)՝ ներբջջային տեղակայման, մետաբոլիկ ակտիվ, որն առաջանում է քլամիդիաների բազմացման ժամանակ: Ցիտոպլազմատիկ վակուոլներում ռետիկուլար մարմնիկների տրոհման և տարրական մարմնիկների վերափոխման ընթացքում ձևավորվում են մինչև 1000 նոր տարրական մարմնիկներ: Զարգացման ցիկլը, որպես կանոն, ավարտվում է էպիթելիալ բջջի մեռուկացմամբ և վերջինիցս նոր տարրական մարմնիկների ազատմամբ:

Որոշ պայմանների առկայությամբ (իմունիտետի առանձնահատկություններ, հակաբիոտիկներով ոչ համարժեք բուժում) ռետիկուլյար մարմնիկների հասունացումը և դրանց փոխակերպումը տարրական մարմնիկների դանդաղում է, որն առաջացնում է Chlamydia Trachomatis-ի հիմնական հակածինների էքսպրեսիայի ընկճում, օրգանիզմի իմունային պատասխանի նվազում և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության փոփոխություն, և դրանց արդյունքում՝ վարակի պերսիստենցիա: Պերսիստենտ վարակի վերաակտիվացումը կարող է ընթանալ փոփոխված իմունային կամ հորմոնային վիճակի, վնասվածքների, վիրահատությունների և սթրեսի ազդեցությամբ:

Քլամիդիային վարակին ինտոքսիկացիան բնորոշ չէ: Քլամիդիային բորբոքային պրոցեսի արդյունքում ախտահարված լորձաթաղանթը հաստանում է, էնդոթելոցիտները և բազմաշերտ տափակ էպիթելը ենթարկվում են մետապլազիայի՝ շարակցական հյուսվածքի սպիական փոփոխությունների հետագա զարգացմամբ: Վերջինս, ինչպես ընդունված է համարել, հանդիսանում է տղամարդկանց և կանանց մոտ քլամիդիային ծագման վարակային բորբոքման արդյունքում երկրորդային անպտղության պատճառը:

Քլամիդիային վարակին ուղեկցող համակարգային խանգարումները (այդ թվում՝ Ռեյտերի համախտանիշի դեպքում) աուտոիմուն բնույթի են և կապված չեն բակտերեմիայի հետ: Վարակի կլինիկական պատկերը մեծամասամբ սպեցիֆիկ չէ: Տղամարդկանց մոտ քլամիդիոզի մանիֆեստացիան կարող է ընթանալ ուրետրիտի, պրոկտիտի, կոնյուկտիվիտի, ֆարինգիտի նշաններով, իսկ կանանց մոտ կարող է զարգանալ ուրետրիտ, ցերվիցիտ, պրոկտիտ, կոնյուկտիվիտ, վեներական լիմֆոգլանուլեմաներ: Երեխաների մոտ ավելի հաճախ գրանցվում են կոնյուկտիվիտներ, պնևմոնիաներ, օտիտներ և բրոնխիոլիտներ:

Ախտորոշման համար դժվարություն է ներկայացնում քլամիդիոզի հատկապես անախտանիշ ձևերը:

Քլամիդիոզը կարող է բարդանալ որոշ թերապևտիկ խնդիրներով՝ կանանց մոտ՝ սալպինգիտ, էնդոմետրիտ, արտաարգանդային հղիություն, անպտղություն, հետծննդյան էնդոմետրիտ, վաղաժամ ծնունդներ, անհաջող հղիություններ, մեռելածնություն, միզասեռական ուղու ուռուցքներ, իսկ տղամարդկանց մոտ՝ էպիդիդիմիտ, պրոստատիտ, Ռեյտերի համախտանիշ, անպտղություն, ռեկտալ ստրիկտուրաներ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • անպտղություն
  • անհաջող հղիություններ
  • ուրետրիտ
  • ցերվիցիտ (այդ թվում՝ հղիության ընթացքում առաջացող)
  • սալպինգիտ
  • էնդոմետրիտ
  • պրոկտիտ
  • պրոստատիտ
  • էպիդիդիմիտ
  • արտաարգանդային հղիություն
  • մեռելածնություն
  • չպաշտպանված սեռական կոնտակտներ
  • Ռեյտերի համախտանիշ
  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն
  • կոնյուկտիվիտ
  • պնևմոնիաներ՝ երեխաների և թուլացած իմունիտետով անձանց մոտ
  • ֆարինգիտ
  • բրոնխիոլիտ՝ երեխաների մոտ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Գործակից (Index)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • բացասական պատասխան՝ գործակիցը < 0,9
  • սահմանային (կասկածելի) պատասխան՝ գործակիցը (0,9-1,0)
  • դրական պատասխան՝ գործակիցը ≥ 1,0

Շեղված արդյունքների մեկնաբանում

Chlamydia tr.-ի նկատմամբ IgG-ի դրական պատասխան

  • սուր քլամիդիոզ. վարակումը տեղի է ունեցել ոչ պակաս, քան 3-4 շաբաթ առաջ
  • բուժված վարակ, բուժումն ավարտելուց առաջին 3-9 ամսվա ընթացքում
  • ներարգանդային վարակի զարգացումը հավանական է

Chlamydia tr.-ի նկատմամբ IgG-ի բացասական պատասխան

  • վարակ չի հայտնաբերվել
  • Chlamydia tr.-ով վարակումը տեղի է ունեցել պակաս, քան 3-4 շաբաթ առաջ
  • բուժված վարակ, բուժումն ավարտվել է ավելի քան 9 ամիս առաջ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Chlamydia Тrachomatis IgG

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Chl. Тr. IgG

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Chl. Тr. IgG թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը