Կրեատինին (CREA)


Ընդհանուր տեղեկություններ

Կրեատինինը ազոտային մետաբոլիտ է, որը հանդիսանում է մկանային և մյուս հյուսվածքների էներգետիկ փոխանակությանը մասնակցող կրեատինֆոսֆատի փոխանակության վերջնական արդյունքը:

Կրեատինինի (Creatinine, CREA) սինթեզն ընթանում է գլխավորապես մկանային հյուսվածքներում: Մկանային կծկումն ընթանում է կրեատինֆոսֆատի քայքայման արդյունքում առաջացող էներգիայի շնորհիվ, որի ընթացքում առաջանում է նաև կրեատինին:

Արյան շիճուկում կրեատինինի մակարդակը հարաբերականորեն կայուն է և կախված է սինթեզի և հեռացման հավասարակշռությունից: Տղամարդկանց մոտ կրեատինինի մակարդակը քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ, որը բացատրվում է կմախքային մկանուքի ավելի զարգացած լինելով:

Կրեատինինը համարվում է ոչ շեմային նյութ. նորմայում այն ֆիլտրացվում է երիկամների կծիկներում, որից հետո խողովակիկներում ռեաբսորբցիայի կամ սեկրեցիայի չի ենթարկվում: Այս պատճառով կրեատինինի մակարդակի բարձրացումը սովորաբար վկայում է երիկամային կծիկներում ֆիլտրացիայի կրճատման և երիկամների արտազատող ֆունկցիայի թուլացման մասին:

Արյան և մեզի կրեատինինի որոշումը կիրառվում է նաև կծիկային ֆիլտրացիայի չափը և երիկամային ֆունկցիան գնահատելու համար (Ռեբերգի փորձ):


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ (միանգամյա, օրական)


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • երիկամների ֆունկցիոնալ վիճակի գնահատում
  • կմախքային մկանների հիվանդություններ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

  • Մակարդակն արյան շիճուկում՝ մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
  • Մակարդակն օրական մեզում՝ մկմոլ/օր (միկրոմոլ/օր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ х 88,4 = մկմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Մակարդակն արյան շիճուկուկում՝ տղամարդիկ (59-104) մկմոլ/լ, կանայք (45-84) մկմոլ/լ
  • Մակարդակը առավոտյան առաջին մեզում՝ տղամարդիկ (3,54-24,6) մկմոլ/լ, կանայք (2,55-20,0) մկմոլ/լ
  • Մակարդակն օրական մեզում՝ տղամարդիկ (9,0-19,0) մկմոլ/օր, կանայք (6,0-13,0) մկմոլ/օր

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ CREA, մկմոլ/լ
Չափահաս կանայք 44 - 80
Չափահաս տղամարդիկ 62 - 106
13 - 15 տ. 50 - 77
11- 13 տ. 46 - 70
9 -11 տ. 34 - 65
7 - 9 տ. 35 - 53
5 -7 տ, 28 - 52
3 - 5 տ. 27 - 42
1 - 3 տ. 21 - 36
2 - 12 ամս. 15 - 37
Նորմալ կշռով նորածին 21 - 75
Ցածր կշռով նորածին 25 - 91

Շեղված արդյունքների մեկնաբանում

Կրեատինինի մակարդակի բարձրացում

  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ակրոմեգալիա և գիգանտիզմ
  • նեֆրոտոքսիկ դեղերի ընդունում (սնդիկի միացություններ, սուլֆանիլամիդներ, թիազիդներ, ամինոգլիկոզիդային հակաբիոտկներ, ցեֆալոսպորիններ և տետրացիկլին, բարբիտուրատներ, սալիցիլատներ, անդրոգեններ, ցիմետիդին, տրիմետոպրիմ-սուլֆոմետօքսազոլ և այլն)
  • կմախքային մկանուքի մեխանիկական, վիրահատական զանգվածային վնասումներ
  • երկարատև ճնշման (կրաշ) համախտանիշ
  • ճառագայթային հիվանդություն
  • կեղծ բարձրացումը հնարավոր է արյան մեջ որոշ էնդոգեն մետաբոլիտների բարձր մակարդակի ժամանակ (գլյուկոզ, ֆրուկտոզ, կետոնային մարմիններ, միզանյութ, որոշ դեղերի ազդեցությամբ՝ վիտամին C, լևոդոպա, ցեֆազոլին, ֆեակլոր, ռեզերպին, նիտրոֆուրազոն, իբուպրոֆեն)
  • սննդակարգում մսային սննդի գերակշռություն
  • հիպոթիրեոզ
  • ջրազրկում

Կրեատինինի մակարդակի նվազեցում

  • սովահարություն, մկանային զանգվածի նվազեցում
  • կորտիկոստերոիդների ընդունում
  • հղիություն (հատկապես 1-ին և 2-րդ եռամսյակներ)
  • բուսական սննդակարգ
  • հիպերհիդրատացիա
  • միոդիստրոֆիաներ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Creatinine

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CREA

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում CREA թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը