Դ-դիմեր (D-dim)
Ընդհանուր տեղեկություններ
D-դիմերը հանդիսանում է թրոմբառաջացման և ֆիբրինոլիզի մարկեր:
D-դիմերի (D-dimer) մակարդակը կարող է բարձրանալ մակարդելիության ակտիվացմամբ ընթացքող բազմաթիվ վիճակների ժամանակ՝ տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ (ДВС), խորանիստ երակների թրոմբոզ, թոքային թրոմբոէմբոլիա, վիրահատական մեծ միջամտությունների ժամանակ հյուսվածքների տարածուն վնասում, սրտային անբավարարություն, վարակներ, բորբոքումներ, նորագոյացություններ և այլն:
Չնայած հետազոտություն սահմանափակ սպեցիֆիկությանը, D-դիմերի որոշումը մակարդելիության և ֆիբրինոլիզի մյուս գործոնների համեմատ ունի մի շարք առավելություններ, քանի որ D-դիմերն առաջանում է միայն այն դեպքում, երբ առկա են երկու պրոցեսները միաժամանակ: Օրինակ, D-դիմերի մակարդակը չի փոփոխվում առաջնային ֆիբրինոլիզի, դիսֆիբրինոգենեմիաների ժամանակ:
D-դիմերի մակարդակի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են թրոմբի մեծությունը, կլինիկական նշաններն ի հայտ գալուց հետո հակամակարդիչներով բուժման սկիզբն ընկած ժամանակահատվածը, որոնց դեպքում D-դիմերի մակարդակն աստիճանաբար նվազում է, թրոմբոլիտիկ բուժումը, որը, հակառակը, առաջացնում է D-դիմերի մակարդակի բարձրացում:
Հղի կանանց մոտ հղիության վաղ փուլերից սկսած D-դիմերի մակարդակն արյան մեջ աստիճանաբար բարձրանում է: Հղիության ժամկետների ավարտին վերջինիս մակարդակը կարող է 3-4 անգամ գերազանցել սկզբնականը: D-դիմերի զգալի բարձր ցուցանիշներ գրանցվում է հղիության բարդությունների ժամանակ (հեստոզ, պրեէկլամպսիա), ինչպես նաև դիաբետով, երիկամների հիվանդություններով հղիների մոտ:
D-դիմերի մակարդակն աճում է նաև 80 տարեկանից հետո:
Հետազոտման ենթակա կենսանմուշը
Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն
Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ
Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:
Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:
Հետազոտության հիմնական ցուցումներ
- թրոմբոտիկ վիճակների ախտորոշում
- խորանիստ երակների թրոմբոզ (բացառման թեստ)
- թոքային թրոմբոէմբոլիաներ
- արյան ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ (ДВС)
- հղիության բարդացած ընթացք
- թրոմբոլիտիկ բուժման վերահսկողություն
Չափման միավոր
Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Նորմալ ցուցանիշներ
Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ
Տղամարդիկ և ոչ հղի կանայք
մինչև 285 նգ/մլ
Հղի կանայք
- 1-ին տրիմեստր՝ < 286 նգ/մլ
- 2-րդ տրիմեստր՝ < 457 նգ/մլ
- 3-րդ տրիմեստր՝ < 644 նգ/մլ
Շեղված արդյունքների մեկնաբանում
D-դիմերի մակարդակի բարձրացում
- զարկերակային և երակային թրոմբներ (այդ թվում՝ խորանիստ երակների թրոմբոզ, ԹԶԹԷ)
- տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ (ДВС)
- վարակներ, սեպսիս
- բորբոքումներ (մեղմ բարձրացում)
- լյարդի հիվանդություններ
- տարածուն հեմատոմաներ
- հղիություն
- վիրահատական միջամտություններ
- 80 տարեկանից բարձր տարիք
- ուռուցքային հիվանդություններ
- թրոմբոլիտիկ բուժում
Միջազգային անվանումները
Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ D-dimer
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ D-dim