Հեմոգլոբին (HBG)


Ընդհանուր տեղեկություններ

Հեմոգլոբինն արյան շնչառական պիգմենտ է, որը պարունակվում է էրիթրոցիտներում և մասնակցում թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխմանը:

Հեմոգլոբինը (Hemoglobin, HBG) հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչը, այն մասնակցում է նաև հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրմանը: HBG-ի պարունակությունը տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է դիտարկվել հեմոգլոբինի մակարդակի ֆիզիոլոգիական նվազեցում:

Արյան pH-ի կարգավորման մեջ հեմոգլոբինը համարվում է արյան ամենահզոր պատնեշը: Առողջ տղամարդու արյունը պարունակում է 14,5 ±1,5 գ% հեմոգլոբին, իսկ կանանցը՝ 13,0 ± 1,5գ%։

Հեմոգլոբինը բարդ գունակիր սպիտակուց է, բաղկացած է հեմից, որը պարունակում է երկարժեք երկաթ և սպիտակուցային մասից՝ գլոբինից։ Թոքերում գոյություն ունեցող բարենպաստ պայմաններում հոմոգլոբինը միանում է մոլեկուլային թթվածնի հետ և առաջացնում օքսիհեմոգլոբին՝ HbO2 (1 գ. Hb-ն կապում է 1.34 մլ O2): Հյուսվածքներում HbO2-ը փեղեքվում է՝ անջատելով Օ2: Վերականգնված հեմոգլոբինը հյուսվածքներում միանում է CO2-ին և փոխադրում այն դեպի թոքերը: Այս միացությունը կոչվում է կարբհեմոգլոբին՝ HbCO2:

Շմոլ գազը (CO) թթվածնի համեմատությամբ 150-300 անգամ ավելի մեծ խնամակցություն ունի հեմոգլոբինի հանդեպ։ CO-ն մեծ արագությամբ միանում է Hb-ի հետ և զբաղեցնում O2-ի տեղը: Առաջանում է Hb-ի ախտաբանական միացություն՝ կարբոքսիհեմոգլոբին (HbCO): Եթե ներշնչվող օդում կա նույնիսկ 0,1% CO, ապա Hb-ի 80%-ը կապվում է, առաջացնելով HbCO, որը կայուն միացություն է, քան HbO2-ը: Կարբօքսիհեմոգլոբինի առաջացաման հետևանքով օրգանիզմում զարգանում է թթվածնաքաղց, որն ուղեկցվում է գլխացավով, փսխմամբ, գիտակցության կորստով:

Հեմոգլոբինի ախտաբանական նվազեցումը (անեմիա) դիտարկվում է տարբեր բնույթի արյունահոսությունների, էրիթրոցիտների ուժեղացած քայքայման, ինչպես նաև էրիթրոցիտների առաջացման խանգարումների ժամանակ: Անեմիան կարող է հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև ուղեկցել և հանդես գալ որևէ սուր կամ քրոնիկ հիվանդության ախտանշան:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

գ/լ (գրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

գ/դլ (գրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

գ/դլ х 10 = գ/լ, գ/լ х 0,1 = գ/դլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • կանայք՝ 120 - 140 գ/լ
  • տղամարդիկ՝ 130 - 160 գ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ HBG, գ/դլ
1 - 14 օր. 13,4 - 19,8
14 օր. - 4,3 շաբ. 10,7 - 17,1
4,3 շաբ. - 8,6 շաբ. 9,4 - 13,0
8,6 շաբ. - 4 ամս. 10,3 - 14,1
4 - 6 ամս. 11,1 - 14,1
6 - 9 ամս. 11,4 - 14,0
9 - 12 ամս. 11,3 - 14,1
12 ամս. - 5 տ. 11,0 - 14,0
5 - 10 տ. 11,5 - 14,5
10 - 12 տ. 12,0 - 15,0
12 - 15 տ. Աղջիկներ 11,5 - 15,0
Տղաներ 12,0 - 16,0
15 - 18 տ. Աղջիկներ 11,7 - 15,3
Տղաներ 11,7 - 16,6
18 - 45 տ. Կանայք 11,7 - 15,5
Տղամարդիկ 13,2 - 17,3
45 - 65 տ. Կանայք 11,7 - 16,0
Տղամարդիկ 13,1 - 17,2
≥ 65 տ. Կանայք 11,7 - 16,1
Տղամարդիկ 12,6 - 17,4

Շեղված արդյունքների մեկնաբանում

Հեմոգլոբինի մակարդակի բարձրացում

  • ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
  • ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
  • սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
  • էրիթրեմիա

Հեմոգլոբինի մակարդակի նվազեցում

  • տարբեր ծագման անեմիաներ
  • հիպերհիդրատացիա

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Hemoglobin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HBG

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում HBG թեստն իրականացվում է Mindray® BC-2300 Hematology Analyzer վերլուծիչով:

Տարածել այս էջը