Լակտատդեհիդրոգենազ (LDH)


Ընդհանուր տեղեկություններ

Լակտատդեհիդրոգենազը գլիկոլիտիկ ֆերմենտ է, որը մասնակցում է գլյուկոզի փոխանակության վերջնային փուլերին՝ կատալիզացնելով պիրուվատի փոխակերպվելը լակտատի:

Լակտատդեհիդրոգենազի (Lactate dehydrogenase, LDH) մյուս անվանումներն են՝ L-լակտատ, NAD + օքսիդոռեդուկտազա: Այն ցինկ պարունակող ցիտոպլազմատիկ ֆերմենտ է, որը հայտնաբերվում է գործնականում մարդու բոլոր օրգաններում և հյուսվածքներում:

ԼԴՀ-ի ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է երիկամներում, լյարդում, սրտում, կմախքային մկաններում, ենթաստամոքսային գեղձում և արյան բջիջներում: Էրիթրոցիտներում ԼԴՀ-ի մակարդակը 100 անգամ ավելի է, քան արյան շիճուկում: Երեխաների մոտ ԼԴՀ-ի ակտիվությունը քիչ գերազանցում է չափահասների նույն ակտիվությանը: Տարիքի հետ արյան շիճուկի ԼԴՀ-ի ակտիվությունը հարթ կերպով նվազում է:

ԼԴՀ-ի ակտիվությունը կախված է հետազոտման մեթոդից: Ֆիզիոլոգիական պայմաններում այս ֆերմենտի ակտիվությունն աճում է հղիների, նորածինների, ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածություններից հետո: Կանանց մոտ ԼԴՀ-ի ակտիվությունը քիչ ցածր է, քան տղամարդկանց մոտ:

ԼԴՀ-ի ակտիվության աճ. սովորաբեր արյան շիճուկի ԼԴՀ-ի մակարդակի ամենաբարձր աճը գրանցվում է մեգալոբլաստիկ անեմիայի, դիսեմինացված կարցիոնամայի և շոկի ժամանակ: ԼԴՀ-ի ակտության չափավոր աճ հաճախ դիտարկվում է մկանային հիվանդությունների, նեֆրոտիկ համախտանիշի և լյարդի ցիռոզի ժամանակ: Ֆերմենտի մակարդակը թեթևակի կարող է բարձրանալ սրտամկանի կամ թոքերի ինֆարկտների, լեյկեմիայի, հեմոլիտիկ անեմիայի և ոչ վիրուսային հեպատիտների ժամանակ:

Սրտամկանի ինֆարկտի ընթացքի հսկողություն. սրտամկանի ինֆարկտից 12-24 ժամ անց ԼԴՀ-ի ակտիվությունն աճում և պահպանվում է մինչև 10 օրվա ընթացքում: ԼԴՀ-ի ակտիվությունը կախված է սրտամկանի նեկրոզի չափսից, իսկ հետինֆարկտային շրջանում ֆերմենտի մակարդակի նվազեցման դինամիկան՝ սրտամկանի վերականգնողական գործընթացների ինտենսիվությունից:

ԼԴՀ-ի ակտիվության որոշումը թույլ տալիս տարբերակել իսկական ինֆարկտը կլինիկապես գրեթե չտարբերվող ստենոկարդիայի նոպայից: Եթե սրտամկանի ինֆարկտի ժամանակ ԼԴՀ-ի գումարային ակտիվությունն աճում է՝ գերազանցելով նորման մի քանի անգամ, ապա ստենոկարդիայի նույնիսկ ծանր նոպաների ժամանակ ԼԴՀ-ի ակտիվությունը մնում է նորմայի սահմաններում:

Հետինֆարկտային շրջանում ԼԴՀ-ի ակտիվության նվազեցումն ընթանում է երկու անգամ ավելի դանդաղ, քան սրտամկանի վնասման մյուս մարկերներինը՝ օրինակ կրեատինինկինազինն ու ԱՍՏ-ինը. սա կարևոր նշանակություն է ստանում հատկապես սրտամկանի իշեմիկ վնասման ուշ ախտորոշման պայմաններում:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
  • սրտամկանի ինֆարկտ (վաղ ախտորոշում, տարբերակիչ ախտորոշում և հսկողություն)
  • ուռուցքներ
  • հեմոլիզով ընթացող անեմիաներ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ

  • մինչև 250 Մ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ ԼԴՀ, Մ/լ
Կանայք 135-214
Տղամարդիկ 135 - 225
Երեխաներ (2-15 տ.) 120-300
Նորածիններ (4 - 40 օր.) 225-600

Շեղված արդյունքների մեկնաբանում

ԼԴՀ ակտիվության բարձրացում

  • լյարդի ախտահարումներ (վիրուսային և տոքսիկ հեպատիտներ, մեխանիկական դեղնուկ, լյարդի ցիռոզ)
  • սրտամկանի և թոքի ինֆարկտներ
  • արյան համակարգի հիվանդություններ (հեմոլիտիկ, պերնիցիոզ, մեգալոբլաստային և մանգաղաձև-բջջային անեմիաներ, սուր լեյկոզ)
  • տարբեր օրգան-համակարգերի չարորակ նորագոյացություններ
  • կմախքային մկանների հիվանդություններ (վնասվածքներ, ատրոֆիա)
  • երիկամային հիվանդություններ (գլոմերուլոնեֆրիտներ, պիելոնեֆրիտներ, երիկամների ինֆարկտ և այլն)
  • ցանկացած ախտաբանական վիճակներ, որոնք ընթանում են բջիջների քայքայմամբ և ցիտոպլազմայի կորստով (տրավմատիկ շոկ, հեմոլիզ, տարածուն այրվածքներ, հիպօքսիա, ծայրահեղ հիպոթերմիա)
  • սուր պանկրեատիտ
  • ալկոհոլի և որոշ դեղերի ընդունում (օրինակ՝ կոֆեին, անեսթետիկներ, ցեֆալոսպորիններ, ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, սուլֆանիլամիդներ)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Lactate dehydrogenase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LDH

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում LDH թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը