Լիպազ (LIP)


Ընդհանուր տեղեկություններ

Լիպազը տրիգլիցերիդների հիդրոլիզը կատալիզացնող ֆերմենտ է:

Լիպազը կամ տրիացիլգլիցերոպացիլհիդրոլազը (Lipase, LIP) պատասխանատու է բարակ աղիներում չեզոք ճարպերի՝ տրիգլիցերիդների քայքայման համար: Տրիգլիցերիդները համարվում են գլիցերոլի և բարձրագույն կարբոնաթթուների բարդ եթերները:

Արյան շիճուկում լիպազի մակարդակը տղամարդկանց և կանանց միջև հավաստիորեն չի տարբերվում: Ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ այս ֆերմենտը մուտք է գործում արյան հուն: Սուր պանկրեատիտից հետո լիպազի ակտիվությունն արյան շիճուկում աճում է արդեն 4-8 ժամ անց՝ հասնելով իր գագաթնակետին 24 ժամ անց և նվազելով 8-14-րդ օրերին:

Պանկրեատիտների ժամանակ լիպազի որոշումն ունի ավելի մեծ կլինիկական զգայունություն և սպեցիֆիկություն, քան ընդհանուր ամիլազի թեստը: Էպիդեմիկ պարոտիտի ժամանակ ֆերմենտի մակարդակը մնում է նորմալ միջակայքում ենթաստամոքսային գեղձի ախտահարման բացակայության պայմաններում: Երկու ֆերմենտների միաժամանակյա որոշումը թույլ է տալիս ենթաստամոքսային գեղձի ախտահարումը ճշգրտորեն ախտորոշել 98% դեպքերում:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • սուր պանկրեատիտ
  • ստամոքսի թափածակող խոց
  • քրոնիկ պանկրեատիտ
  • սուր խոլեցիստիտ
  • բարակաղիքային անբավարարություն
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ալկոհոլիզմ
  • դիաբետիկ կետոացիդոզ
  • լյարդի ցիռոզ
  • օրգանների փոխպատվաստում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Մ/լ (միավոր/լիտր)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ՝ (13-60) Մ/լ


Շեղված արդյունքների մեկնաբանում

Լիպազայի ակտիվության բարձրացում

  • սուր պանկրեատիտ (ֆերմենտի ակտիվության բարձրացած արժեքները պահպանվում են հիվանդությունը սկսվելուց 3-7 օրվա ընթացքում)
  • ենթաստամոքսային գեղձի նորագոյացություններ
  • ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդություններ
  • լեղային խիթ, ներլյարդային խոլեսթազ
  • ներքին խոռոչավոր օրգանի թափածակում
  • աղիների ստրանգուլյացիա կամ ինֆարկտ
  • ենթաստամոքսային գեղձի կիստա կամ կեղծ կիստա
  • պերիտոնիտ
  • լիպիդների նյութափոխանակության խանգարումներով ընթացող հիվանդություններ՝ գիրացում, շաքարային դիաբետ, պոդագրա
  • որոշ դեղերի ընդունում՝ հեպարին, թմրաբեր ցավազրկողներ, բարբիտուրատներ և այլ դեղեր, որոնք առաջացնում են Օդիի սեղմանի կծկում, ինդոմետացին
  • էպիդեմիկ պարոտիտ՝ ենթաստամոքսային գեղձի ախտահարմամբ

Լիպազայի ակտիվության նվազեցում

  • ուռուցքային հիվանդություններ (բացառությամբ ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի)
  • տրիգլիցերիդների ավելցուկ (ժառանգական հիպերլիպիդեմիաների ժամանակ ոչ ճիշտ սննդակարգ)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Lipase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LIP

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում LIP թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը