Հղիության հետ կապված պլազմայի A պրոտեին (PAPP-A)


Ընդհանուր տեղեկություններ

Հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցը հղիության 1-ին տրիմեստրի պրենատալ սքրինինգային հետազոտություն է, որը հանդիսանում է Դաունի համախտանիշի և պտղի այլ քրոմոսոմային անոմալիաների մարկերը:

Հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցը (PAPP-A) բարձրմոլեկուլյար (մոտ 800 կԴա) գլիկոպրոտեին է, որը հղիության ընթացքում մեծ քանակներով արտադրվում է տրոֆոբլաստների կողմից և մուտք գործում մոր արյան շրջանառություն: PAPP-A-ի մակարդակը մոր արյան շիճուկում աճում է հղիության ժամկետին զուգընթաց:

Կենսաքիմիական ազդեցություններով PAPP-A-ն դասվում է մետաղապրոտեազների շարքին: Այն ունակ է տրոհել աճի ինսուլինակերպ գործոնի սպիտակուցներից մեկը, որն էլ բերում է նույն գործոնի կենսամատչելիության բարձրացման, ինչն էլ հղիության ընթացքում պտղի զարգացման մեջ ունի մեծ նշանակություն: Ենթադրվում է, որ PAPP-A-ն մասնակցում է նաև հղիության ընթացքում մայրական օրգանիզմի իմուն պատասխանի մոդուլյացիայի մեջ: PAPP-A-ին համարժեք սպիտակուցներն անհամեմատ ավելի փոքր քանակներով առկա են նաև տղամարդկանց և ոչ հղի կանանց արյան մեջ: PAPP-A-ի ֆիզիոլոգիական դերի խորը ուսումնասիրությունը շարունակվում է մնալ բազմաթիվ հետազոտողների օրակարգում:

Մի շարք լուրջ կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PAPP-A-ն ունի ախտորոշիչ նշանակություն որպես հղիության վաղ շրջանում (առաջին տրիմեստր) պտղի քրոմոսոմային արատների ռիսկի մարկեր: PAPP-A-ի մակարդակը զգալիորեն նվազում է պտղի մոտ 21 տրիսոմիայի (Դաունի հախտանիշ) կամ 18 տրիսոմիայի (Էդվարդսի համախտանիշ) ժամանակ: Միևնույն ժամանակ, այս մարկերը բավականին ինֆորմատիվ է նաև վիժումների և հղիության կանգի վտանգը գնահատելիս:

Որպես պտղի մոտ Դաունի հիվանդության ռիսկի մարկեր, PAPP-A-ի ախտորոշիչ նշանակությունը ի հայտ է գալիս սկսած հղիության 8-9-րդ շաբաթներից, սակայն էլ ավելի է բարձրանում ազատ բետա խորիոնային գոնադոտրոպինի հետ զուգակցելիս: Այս իմաստով, հղիության առաջին տրիմեստրի կրկնակի հետազոտությունները (PAPP-A և β-HCG free) ավելի նպատակահարմար է նշանակել հղիության շուրջ 12-րդ շաբաթականում (11-14): Հղիության 14-րդ շաբաթականից հետո PAPP-A-ի ախտորոշիչ դերը նվազում կամ լրիվ անհետանում է:

Ապացուցված է, որ PAPP-A և β-HCG free կրկնակի սքրինիգի, ուլտրաձայնային հետազոտության, հղիի տարիքի վերլուծության արդյունքները թույլ են տալիս Դաունի համախտանիշի ռիսկը գնահատել 85-90%-ոց ճշգրտությամբ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • հղիների սքրինինգային հետազոտություն՝ պտղի մոտ քրոմոսոմային անոմալիաների ռիսկի գնահատման համար հղիության 1-ին տրիմեստրում և 2-րդ տրիմեստրի սկզբում (11-13-րդ շաբաթներ)
  • հղի կնոջ 35-ից բարձր տարիք
  • անամնեզով՝ հղիության վաղ շրջանում երկու կամ ավելի ինքնաբուխ վիժումների առկայություն
  • հղիությանը նախորդող շրջանում բակտերիալ կամ վիրուսային վարակների (հեպատիտներ, կարմրախտ, հերպես, ցիտոմեգալովիրուս) առկայություն
  • ընտանիքում Դաունի, այլ քրոմոսոմային հիվանդությունների ու զարգացման այլ բնածին արատների առկայություն
  • մոտիկ հարազատների մոտ որևէ ժառանգական հիվանդության առկայություն
  • մինչև բեղմնավորվելը զույգերից մեկնումեկի մոտ ճառագայթային կամ այլ վնասակար ազդեցություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

  • Մակարդակն արյան պլազմայում՝ ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր)
  • Մեդիանների միջին՝ որպես այդպիսին, չափման միավոր չունի

Այլընտրանքային չափման միավոր

մՄՄ/լ (միլիմիջազգային միավոր/լիտր)

Միավորների փոխակերպում

մՄՄ/մլ = Մ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Մակարդակն արյան պլազմայում (միջին)

  • 8 շաբաթական՝ մեդիանը՝ 430,6 ՄՄ/մլ
  • 9 շաբաթական՝ մեդիանը՝ 1033,5 ՄՄ/մլ
  • 10 շաբաթական՝ մեդիանը՝ 1564,2 ՄՄ/մլ
  • 11 շաբաթական՝ մեդիանը՝ 2249,1 ՄՄ/մլ
  • 12 շաբաթական՝ մեդիանը՝ 3546,0 ՄՄ/մլ
  • 13 շաբաթական՝ մեդիանը՝ 4123,1 ՄՄ/մլ
  • 13 շաբաթական՝ մեդիանը՝ 4349,0 ՄՄ/մլ

Մեդիանների միջին՝ (0,5-2,0)


Շեղված արդյունքների մեկնաբանում

PAPP-A-ի մակարդակի նվազեցում 1-ին տրիմեստրում

  • պտղի մոտ քրոմոսոմային արատների ռիսկի բարձրացում (Դաունի համախտանիշ, Էդվարդսի համախտանիշ, Կոռնելի դե Լանգի համախտանիշ)
  • հղիության վաղ շրջանում վիժումների վտանգի և հղիության կանգի ռիսկի բարձրացում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Pregnancy-Associated Plasma Protein A

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PAPP-A

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում PAPP-A թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը