Պրոգեստերոն (Prog)


Ընդհանուր տեղեկություններ

Պրոգեստերոնը ձվարանների դեղին մարմնի կողմից արտադրվող ստերոիդ հորմոն է, որը կարևոր նշանակություն ունի հղիության բոլոր փուլերի ընթացքում:

Պրոգեստերոնը (Progesterone, Prog) 314,5 Դալտոն մոլեկուլյար զանգվածով գեստագենային ստերոիդ հորմոն է: Այն գլխավորապես արտադրվում է դեղին մարմնի (corpus luteum) բջիջների և քիչ քանակներով՝ մակերիկամների կեղևի, իսկ հղիության ընթացքում՝ ընկերքի կողմից՝ լյուտեինացնող հորմոնի ազդեցությամբ: Եթե հղիության 1-ին եռամսյակում և 2-րդի եռամսյակի վաղ փուլերում պրոգեստերոնն արտադրվում է մոր օրգանիզմում, ապա դրանից հետո՝ ընկերքի կողմից:

Պրոգեստերոնի մակարդակը կոռելացվում է դեղին մարմնի զարգացման և հետաճման հետ: Եթե դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլում պրոգեստերոնի առկայությունը հազիվ է հայտնաբերվում, օվուլյացիայից մեկ օր առաջ այն սկսում է աճել: Պրոգեստերոնի ուժեղացած արտադրությունը բնորոշ է լյուտեալ փուլին: Ցիկլի երկրորդ կեսին կնոջ մեզում հայտնվում է պրեգնանդիոլը՝ որպես պրոգեստերոնի քայքայման արգասիք:

Պրոգեստերոնի ազդեցությամբ արգանդի լորձաթաղանթը փոխակերպվում է գեղձերով հարուստ հյուսվածքի (սեկրեցիայի փուլ)՝ նախապատրաստելով բեղմնավորված ձվաբջջի ներարգանդային իմպլանտացիան: Հղիության ընթացքում պրոգեստերոնն արգելակում է միոմետրիումի կծկումները, իսկ իմունոդեպրեսիվ ազդեցությամբ ընկճում է օրգանիզմի կողմից բեղմնավորված ձվաբջջի դեմ աուտոիմուն ռեակցիաները: Պրոգեստերոնը նաև խթանում է ենթամաշկային ճարպաբջջանքի զարգացումը:

Կրծքագեղձերում պրոգեստերոնն էստրոգենների հետ միասին խթանում է ալվեոլների պրոլիֆերացիան և սեկրետոր դիսպոզիցիան:

Սովորաբար պրոգեստերոնը որոշվում է պտղաբերության ախտորոշման մեջ՝ օվուլյացիայի հայտնաբերման և լյուտեալ փուլը գնահատելու համար:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 22-23-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել:

Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Առավոտյան ժամերին արյունը հանձնելու անհնարինության դեպքում պետք է զերծ մնած սննդի օգտագործումից վերջին 6 ժամվա ընթացքում, մինչ այդ բացառելով ճարպային սննդատեսակների ընդունումը:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • դաշտանային ցիկլի խանգարման պատճառների հայտնաբերում, այդ թվում՝ ամենորեայի տարբեր տեսակների տարբերակիչ ախտորոշում
  • անպտղության պատճառների հայտնաբերում
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսության պատճառների հայտնաբերում
  • հղիության երկրորդ կեսում ընկերքի վիճակի գնահատում
  • իսկական անհաջող հղիության տարբերակիչ ախտորոշում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր) կամ մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ x 3,18 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,314 = նգ/մլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Տղամարդիկ (0,2-1,4) նգ/մլ

Ոչ հղի կանայք

  • ֆոլիկուլյար փուլ (0,2-1,5) նգ/մլ
  • օվուլյատոր փուլ (0,8-3,0) նգ/մլ
  • լյուտեինային փուլ (1,7-27,0) նգ/մլ
  • հետմենոպաուզա (0,1-0,8) նգ/մլ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Prog մակարդակ, նմոլ/լ
Տղամարդիկ 0,7 - 4,3
Կանայք
Ֆոլիկուլյար փուլ 0,6 - 4,7
Օվուլյացիայի փուլ 2,4 - 9,4
Լյուտեինային փուլ 5,3 - 86,0
Հետդաշտանադադարի փուլ 0,3 - 2,5

Շեղված արդյունքների մեկնաբանում

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացում

  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն՝ լյուտեինային փուլի երկարացմամբ
  • երկրորդային ամենորեայի որոշ տեսակներ
  • ֆետո-պլացենտար կոմպլեքսի դիսֆունկցիա
  • ընկերքի հասունացման դանդաղեցում
  • պրոգեստերոնի հեռացման խանգարում երիկամային անբավարարության պատճառով
  • որոշ դեղեի ընդունում՝ կլոմիֆեն, կորտիկոտրոպին, կետոկոնազոլ, միֆեպրիստոն, պրոգեստերոն և վերջինիս սինթետիկ անալոգներ, տամոքսիֆեն, վալպոյաթթու

Պրոգեստերոնի մակարդակի նվազեցում

  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • ֆոլիկուլի պերսիստենցիա (հիպերէստրոգենիա)
  • անօվուլյատոր դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ (պրոգեստերոնի սեկրեցիայի նվազեցում դաշտանային ցիկլի 2-րդ փուլում)
  • առաջնային և երկրոդային ամենորեայի տարբեր ձևեր
  • հղիության էնդոկրին պատճառի ընդհատման վտանգ
  • ընկերքային անբավարարություն
  • պտղի ներարգանդային զարգացման դանդաղեցում (հղի կնոջ արյան պրոգեստերոնի մակարդակը համապատասխանում է կամ քիչ նվազած է նորմայի ստորին սահմանից՝ հղիության ողջ ընթացքում)
  • իսկական երկարաձգված հղիություն
  • որոշ դեղերի ընդունում՝ ամպիցիլին, կարբամազեպին, ցիպրոտերոն, դանազոլ, էպոստան, էստրիոլ, գոզերելին, լեուպրոմիդ, պերօրալ հակաբեղմնավորիչներ, ֆենիտոին, պրավաստատին, F2 պրոստոգլանդին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Progesterone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Prog

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Prog թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը