Սեռական հորմոնները կապող գլոբուլին (SHBG)


Ընդհանուր տեղեկություններ

Սեռական հորմոնները կապող գլոբուլինն արյան պլազմայի սպիտակուց է, որը կապվում է սեռական հորմոնների հետ և մասնակցում արյան շրջանառությամբ դրանց տեղափոխմանը:

Սեռական հորմոնները կապող գլոբուլինը (Sex hormone-binding globulin, SHBG) ունի մի շարք անվանումներ՝ սեքս-ստերոիդները կապող գլոբուլին, անդրոգեն-կապող գլոբուլին, սեռական ստերոիդ կապող գլոբուլին:

Իրենից ներկայացնում է լյարդում սինթեզվող գլիկոպրոտեին, որի մոլեկուլյար զանգվածը շուրջ 80-100 հզ Դալտոն է: Մեկ մոլեկուլն ունի ստերոիդ հորմոնները կապող մեկ տեղամաս:

Լյարդում SHBG-ի սինթեզը կախված է սեռական հորմոններից. էստրոգենները բարձրացնում, իսկ անդրոգենները՝ թուլացնում են այս սպիտակուցի արտադրությունը: Ուստի կանանց մոտ SHBG-ի մակարդակը գրեթե կրկնակի անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

SHBG-ը կապում է տեստոստերոնը, 5-դիհիդրոտեստոստերոնը (ուժեղ կապվածություն) և էստրադիոլը (քիչ ավելի թույլ կապվածություն):

Տեստոստերոնն արյան մեջ շրջանառում է գլխավորապես SHBG-ի հետ, ավելի քիչ՝ ալբումինի և կորտիզոլ-կապող գլոբուլինի հետ կապված վիճակում: Քանի որ այս տեղափոխող սպիտակուցների քանակության փոփոխությունները կարող են ազդել շրջանառող տեստոստերոնի մակարդակի վրա, վերջինիս որոշման հետ միասին, որպես լրացուցիչ տվյալ, իրականացվում է նաև SHBG-ի հետազոտություն:

Էստրադիոլի արտադրության կրճատմանը զուգահեռ արյան մեջ նվազում են ինչպես այս հորմոնի ընդհանուր, այնպես էլ ազատ ֆրակցիայի մակարդակները: Անդրոգենների արտադրության նվազեցման դեպքում SHBG-ի մակարդակի աճը պայմանավորում է ընդհանուր տեստոստերոնի կայուն մակարդակը, թեև ազատ ֆրակցիայի մասնաբաժինը նվազում է: Ահա թե ինչու տեստիկուլյար հիվանդությունների ժամանակ ընդհանուր տեստոստերոնի մակարդակը պլազմայում կարող է լինել պարադոքսալ նորմալ:

SHBG-ի մակարդակը հաճախ նվազում է հիրսուտիզմի, acne vulgaris-ի և պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ: Հիրսուտիզմի դեպքում արյան պլազմայի SHBG-ի նվազեցում գրանցվում է հետազոտված կանանց գրեթե 30%-ի մոտ:

Հղիության ուշ փուլերում էստրոգենների ներմուծումից հետո SHBG-ի մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ: Անդրոգենների ներմուծումը հաճախ զուգակցվում է SHBG-ի մակարդակի նվազեցման հետ: Ազատ տեստոստերոնի գործակիցը (Free androgen index, FAI) հաշվարկվում է որպես ընդհանուր տեստոստերոնի և SHBG-ի հարաբերակցություն՝ արտահայտված տոկոսներով: FAI-ն կոռելացվում է կենսաբանորեն մատչելի ազատ տեստոստերոնի մակարդակի հետ և օգտագործվում է որպես անդրոգենների ախտաբանական վիճակի օգտակար ցուցանիշ:

60 տարեկանից անց SHBG-ի մակարդակն աճում է մոտ 1.2%-ով՝ յուրաքանչյուր տարվա համար: Այսպիսով, տարիքի հետ կենսաբանորեն մատչելի տեստոստերոնի մակարդակը նվազում է ավելի մեծ չափով, քան ընդհանուր տեստոստերոնի մակարդակը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

Երկու սեռերի մոտ

  • տեստոստերոնի նորմալ մակարդակի պայմաններում անդրոգենների մակարդակի ավելացման կամ նվազեցման կլինիկական նշաններ
  • ճաղատացում
  • պզուկացան
  • ճարպային սեբորեա
  • ինսուլինառեզիստենտության մարկերների հայտնաբերում

Կանանց մոտ

  • հիրսուտիզմ
  • անօվուլյացիա
  • ամենորեա
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • գեստոզի զարգացման կանխատեսում(SHBG-ն նվազած է)

Տղամարդկանց մոտ

  • տղամարդկանց կլիմաքս
  • քրոնիկ պրոստատիտ
  • պոտենցիայի խանգարումներ
  • լիբիդոյի նվազեցում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/մլ (միկրոգրամ/միլիլիտր) կամ մգ/լ (միլիգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/մլ (մգ/լ) x 10,53 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,095 = մկգ/մլ (մգ/լ)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Տղամարդիկ 17-65 տ. (14,5-48,4) նմոլ/լ
  • Կանայք 17-50 տ. (26,1-110,0) նմոլ/լ
  • Կանայք, հետմենոպաուզա (14,1-68,9) նմոլ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Սեռ, տարիք SHBG մակարդակ, նմոլ/լ
Տղամարդիկ, 20-49 տ. 18,3-54,1
Տղամարդիկ, ≥ 50 տ. 20,6-76,7
Կանայք, 20-49 տ. 32,4-128
Կանայք, ≥ 50 տ. 27,1-128

Շեղված արդյունքների մեկնաբանում

SHBG մակարդակի բարձրացում

  • հիպերէստրոգենիա
  • մարմնակազմական առանձնահատկություններ
  • հիպերթիրեոիդ վիճակներ
  • հեպատիտ
  • ՄԻԱՎ վարակ
  • որոշ դեղերի ընդունում՝ պերօրալ հակաբեղմնավորիչներ (էստորգեններ պարունակող), ֆենիտոին

SHBG մակարդակի նվազեցում

  • նեֆրոտիկ համախտանիշ
  • մեծ կոլագենոզներ
  • հիպերանդրոգենիա
  • ինսուլինառեզիստենտություն
  • հիպոթիրեոզ
  • ակրոմեգալիա
  • Կուշինգի հիվանդություն
  • հիպերպրոլակտինեմիա
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
  • անդրոգենիտալ համախտանիշ
  • լյարդի ցիռոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ դանազոլ, անդրոգեններ, գլյուկոկորտիկոիդներ, սոմատոստատին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Sex Hormone-Binding Globulin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ SHBG

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում SHBG թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը