Տեստոստերոն (TEST)


Ընդհանուր տեղեկություններ

Տեստոստերոնը ստերոիդ անդրոգենային հորմոն է, որը պայմանավորում է երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, սեռահասունացումը և նորմալ սեռական գործունեությունը:

Տղամարդկանց մոտ տեստոստերոնի (Testosterone, TEST) հիմնական մասը սինթեզվում է ամորձիներում, ավելի քիչ՝ մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից և նախորդողներից ծայրամասային հյուսվածքներ փոխակերպվելիս: Կանանց մոտ տեստոստերոնն առաջանում է ծայրամասային փոխակերպման ժամանակ, ինչպես նաև ձվարանների ֆոլիկուլի ներքին թաղանթի և մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից:

Տեստոստերոնը մկանային հյուսվածքների վրա թողնում է անաբոլիկ ազդեցություն, նպաստում է ոսկրային հյուսվածքների հասունացմանը, խթանում է մաշկային գեղձերի կողմից մաշկային ճարպաբջջանքի առաջացմանը, մասնակցում է լյարդի կողմից լիպոպրոտեիդների սինթեզին, միջնորդավորում է b-էնդորֆինների («ուրախության հորմոնի») և ինսուլինի սինթեզը: Տղամարդկանց մոտ ապահովում է արական տիպի սեռական համակարգի ձևավորմանը, սեռահասունացման շրջանում արական երկրորդային սեռական հատկանիշների զարգացմանը, ակտիվացնում է սեռական հակումը, սպերմատոգենեզը և պոտենցիան, մասնակցում է սեռական վարքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ձևավորմանը: Կանանց մոտ տեստոստերոնը մասնակցում է ձվարաններում ֆոլիկուլի հետաճման գործընթացներին և հիպոֆիզի գոնադոտրոպ հորմոնների մակարդակների կարգավորմանը:

Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն արյան պլազմայում բարձրանում է սեռահասունացման շրջանում՝ մնալով բարձր ցուցանիշների վրա միջինը մինչև 60 տարեկանը: Արյան պլազմայում տեստոստերոնի մակարդակն օրվա ընթացքում ենթարկվում է տատանման՝ առավելագույն ցուցանիշները դրսևորելով առավոտյան, իսկ նվազագույնը՝ գիշերային ժամերին: Աշնանային ամսիներին տեստոստերոնի մակարդակը քիչ բարձրանում է: Կանանց մոտ տեստոստերոնի առավելագույն մակարդակը գրանցվում է լյուտեինային և օվուլյացիայի փուլերում: Հղի կանանց մոտ տեստոստերոնի մակարդակն աճում է 3-րդ եռամսյակի շրջանում՝ 3 անգամ գերազանցելով ոչ հղի կանանց մոտ գրանցվող մակարդակները: Դաշտանադադարի փուլում տեստոստերոնի մակարդակը նվազում է:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (սպորտային մարզումներ) և ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ հետազոտությունը պետք է իրականացնել դաշտանային ցիկլի 3-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ սահմանված չեն:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

Երկու սեռերի մոտ

  • անպտղություն
  • մազաթափություն և ճաղատացում
  • պզուկային ցան
  • ճարպային սեբորեա
  • ապլաստիկ անեմիաներ
  • մակերիկամային ուռուցքներ
  • կորտիկոսերոիդների և անդրոգեն պարունակող դեղերի ընդունման հսկողություն

Կանանց մոտ

  • հիրսուտիզմ
  • անօվուլյացիա
  • ամենոռեա
  • օլիգմենոռեա
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն
  • հղիության ընդհատումներ
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
  • անդրոգենիտալ համախտանիշ
  • արգանդի միոմա
  • էնդոմետրիոզ
  • կրծքագեղձերի նորագոյացություններ
  • սեռահասունացման շրջանի հիպոթալամո-հիպոֆիզային համախտանիշ
  • արգանդի և կրծքագեղձերի հիպերպլազիա

Տղամարդկանց մոտ

  • սեռական պոտենցիայի խանգարումներ
  • սեռական հակման (լիբիդո) նվազում
  • տղամարդկանց կլիմաքս
  • առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմ
  • քրոնիկ պրոստատիտ
  • օստեոպորոզ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ х 3,47 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,288 = նգ/մլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • տղամարդիկ՝ (2,8 - 8,0) նգ/մլ
  • կանայք՝ (0,1 - 0,8) նգ/մլ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Սեռ TEST, նմոլ/լ
Աղջիկներ
4 օր. - 9 տ. < 2,15
9-13 տ. < 0,98
13 - 15 տ. 0,36 – 1,54
15-18 տ. 0,49-1,70
Կանայք, սկսած 18 տ.
Վերարտադրողական տարիք (նախադաշտանադադար, օվուլյացիա) 0,38-1,97
Հղիություն ոչ հղիների նորմալ արժեքների մինչև 3-4 անգամ բարձրացում
Հետդաշտանադադար 0,28-1,22
Տղամարդիկ
4 օր.-6 ամս. 0,30-10,36
6 ամս.-9 տ. < 1,24
9-11 տ. < 0,81
11-14 տ. < 15,41
14 - 16 տ. 1,25-21,92
16-18 տ. 5,13-27,53
18-50 տ. 5,76-30,43
50-120 տ. 5,41-19,54

Շեղված արդյունքների մեկնաբանում

Տեստոստերոնի մակարդակի բարձրացում

  • Իցենկո-Կուշինգի համախտանիշ և հիվանդություն
  • անդրոգենիտալ համախտանիշ (կանայք)
  • ամորձիների տեստոստերոն-արտադրող նորագոյացություններ (տղամարդիկ)
  • XYY քրոմոսոմային հավաքածու (տղամարդիկ)
  • ձվարանների վիրիլիզացնող ուռուցքներ (կանայք)
  • սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) մակարդակի նվազեցում
  • որոշ դեղերի ընդունում՝ դանազոլ, դեհիդրոէպիանդրոստերոն, ֆինաստերին, ֆլուտամիդ, գոնադոտրոպին (տղամարդիկ), գոզերելին (բուժման առաջին ամիս), լևոնորգեստրել, միֆեպրինստոն, մոկլոբեմիդ, նաֆարելին (տղամարդիկ), նիլուտամիդ, պերօրալ հակաբեղմնավորիչներ (կանայք), ֆենիտոին, պրավաստատին (կանայք), ռիֆամպիցին, տամօքսիֆեն

Տեստոստերոնի մակարդակի նվազեցում

  • հիպոֆիզի գոնադորտորպ հորմոնների արտադրության խանգարումներ (այդ թվում՝ հիպերպրոլակտինեմիա)
  • գլյուկոկորտիկորիդների ընդունում
  • մակերիկամային անբավարարություն
  • հիպոգոնադիզմ
  • քրոնիկ պրոստատիտ (տղամարդիկ)
  • գիրացում և ճարպակալում (տղամարդիկ)
  • որոշ դեղերի ընդունում՝ դանազոլ (փոքր դեղաչափերով), բուզերին, կարբամազեպին, ցիմետիդին, ցիկլոֆոսֆամիդ, ցիպրոտերոն, դեքսամեթազոն, գոզերելին, կետոկոնազոլ, լեուպրոլիդ, լևոնորգեստրել, մագնեզիումի սուլֆատ, մետանդրոսենոլոն, մեթիլպրեդնիզոլոն, մետիրապոն, նաֆարելին (կանայք), նանդրոլոն, օքտրեոտիդ, պերօրալ հակաբեղմնավորիչներ (կանայք), պրավաստատին (տղամարդիկ), պրեդնիզոն, պերիդոգլյուտետիմիդ, սպիրոնոլակտոն, սանոզոլոլ, տետրացիկլին, թիոռիդազին
  • հեշտ յուրացվող ածխաջրատներ, բուսական սննդակարգ, սովահարություն, ալկոհոլիզմ, ճարպերի ցածր պարունակությամբ դիետա (կանայք)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Testosterone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TEST

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում TEST թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը