Միզաթթու (UA)


Ընդհանուր տեղեկություններ

Միզաթթուն նուկլեոտիդների կազմության մեջ մտնող պուրինային հիմքերի նյութափոխանակության վերջնական արդյունքն է, որը օրգանիզմից հեռացնում է մնացորդային ազոտը:

Արյան պլազմայում միզաթթուն (Uric acid) հայտնաբերվում է գլխավորապես նատրիումական աղերի տեսքով: Արյան մեջ միզաթթվի մակարդակը կախված է սինթեզի և երիկամներով արտազատման գործընթացների հավասարակշռությունից:

Առողջ մարդկանց մոտ միզաթթվի մակարդակը կարող է մի փոքր բարձրանալ սննդում պուրինների մեծ քանակության և նվազել՝ ցածրպուրինային դիետայի դեպքում: Պուրիններով հարուստ սննդամթերքներից են կարմիր միսը, լյարդը, երիկամները, ուղեղը, լեզուն, ոլոռազգիները:

Տղամարդկանց մոտ միզաթթվի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան մինչծննդաբերական տարիքի կանանց մոտ: 60 տարեկանից անց միջսեռային տարբերությունները հարթվում են: Երեխաների մոտ, ընդհակառակը, միզաթթվի պարունակությունը ավելի ցածր է:

Պուրինային փոխանակության խանգարումը (օրինակ՝ պոդագրայի ժամանակ) առաջացնում է արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացում, որն իր հերթին առաջացնում է տարբեր օրգան-համակարգերի վնասում: Միզաթթվի նորմալ սինթեզի դեպքում արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացում կարող է դիտվել նաև երիկամային ֆունկցիայի նվազման, հետևաբար՝ մեզով միզաթթվի հեռացման խանգարման պատճառով:

Միզաթթվի մակարդակի բարձրացում գրանցվում է նաև ԴՆԹ-բջիջների ինտենսիվացած քայքայման արդյունքում՝ ցիտոստատիկ և այլ դեղերի ազդեցությամբ, հյուսվածքների տարածուն վնասումների և ուռուցքների դեպքում: Հիպերուրիկեմիան և մեզով միզանյութի ինտենսիվացած արտազատումն ասոցիացվում է միզաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ և այլ հիվանդությունների հետ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:

Հետազոտությունից մի քանի օր առաջ անհրաժեշտ է զերծ մնալ ցածրպուրինային դիետայից, խուսափել ալկոհոլի օգտագործումից: Հակառակ դեպքում պետք է այդ մասին տեղեկացնել բուժող բժշկին և Յունիմեդ Բժշկական Կենտրոնի անձնակազմին:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • պոդագրա
  • միզաքարային հիվանդություն
  • երիկամային հիվանդության ժամանակ երիկամային ֆունկցիայի գնահատում
  • լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ х 59,5 = մկմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Միզաթթվի մակարդակն արյան շիճուկում

  • Տղամարդիկ (202,3‑416,5) մկմոլ/լ
  • Կանայք՝ (142,8‑339,2) մկմոլ/լ

Միզաթթվի մակարդակը միանգամյա մեզում

  • (2200-5475) մկմոլ/լ

Շեղված արդյունքների մեկնաբանում

Միզաթթվի մակարդակի բարձրացում (հիպերուրիկեմիա)

  • պոդագրա
  • Լեշ-Նիհանի համախտանիշ (ժառանգական բնույթի ֆերմենտային դեֆիցիտ)
  • լեյկոզներ, միելոմային հիվանդություն, լիմֆոմա
  • երիկամային անբավարարություն
  • հղիների տոքսիկոզ
  • երկարատև սովահարություն
  • ալկոհոլի չարաշահում
  • սալիցիլատների, միզամուղների, ցիտոստատիկների ընդունում
  • ֆիզիոլոգիական բարձրացում ֆիզիկական ծանրաբեռնվածության, պուրինային հիմքերով հարուստ սննդակարգի դեպքում
  • իդիոպաթիկ ընտանեկան հիպերուրիկեմիա
  • օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ կատաբոլիկ պրոցեսների ակտիվացում
  • պերնիցիոզ (B12-դեֆիցիտային) անեմիա

Միզաթթվի մակարդակի նվազեցում (հիպոուրիկեմիա)

  • Կոնովալով-Վիլսոնի հիվանդություն (հեպատոցերեբրալ դիստրոֆիա)
  • Ֆանկոնիի համախտանիշ
  • ալլոպուրինոլի, ռենտգեն-կոնտրաստ նյութերի, գլյուկոկորտիկոիդների, ազաթիոպրինի ընդունում
  • քսանտինուրիա
  • Խոջկինի հիվանդություն
  • երիկամների պրոքսիմալ խողովակիկների դեֆեկտներ
  • ցածրպուրինային դիետա

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Uric acid

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UA

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում UA թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը