Մեզում գլանակներ (ցիլինդրներ) (UC)


Ընդհանուր տեղեկություններ

Ցիլինդրները գլանաձև նստվածքներ են (երիկամային խողովակիկների յուրատեսակ մնացուկներ), որոնք կազմված են սպիտակուցներից և կարող են պարունակել տարբեր նյութեր:

Երիկամների և դրանց խողովակիկների հիվանդությունների ժամանակ հաճախ կուտակվում է սպիտակուց, ինչպես նաև կարող են հայտնվել էպիթելիալ բջիջներ, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ և ճարպի մասնիկներ: Այս բոլոր տարրերը խողովակիկների լուսանցքում կարող են միահյուսվել՝ առաջացնելով գլանակներ կամ ցիլինդրներ:

Մեզում ցիլինդրներն ի հայտ են գալիս միայն սպիտակուցի առկայության պայմաններում, քանի որ հենց սպիտակուցն է հանդես գալիս որպես վերոնշյալ տարրերը միմյանց ձուլող սոսնձանյութ: Մեզի նստվածքում մեծ քանակով ցիլինդրների առկայությունը կոչվում է ցիլինդրուրիա:

Ցիլինդրները լավ պահպանվում են միայն մեզի թթվային ռեակցիայի պայմաններում, մինչդեռ հիմնային մեզում դրանք ընդհանրապես չեն առաջանում կամ արագ լուծվում են: Ուստի հիմնային մեզում ցիլինդրների բացակայությունը կամ փոքր քանակությունը կարող է չհամապատասխանել իրական վիճակին:

Ցիլինդրներն ունեն տարբեր ձև, գունավորում և չափս, որն ուղղակիորեն կախված է դրանց կազմությունից: Ուստի մեզի նստվածքի հետազոտության պատասխանում նշվում է ոչ միայն ցիլինդրների թիվը, այլև դրանց տարատեսակը: Տարբերում են ցիլինդրների հետևյալ տեսակները՝ հիալինային, հատիկավոր, մոմանման, էպիթելիալ, լեյկոցիտային, էրիթրոցիտային և պիգմենտային:

Առողջ մարդու մեզի նստվածքում կարող են հայտնաբերվել միայն եզակի հիալինային ցիլինդրներ (տեսադաշտում ոչ ավելի քան 1-2): Մնացած ցիլինդրները նորմայում բացակայում են:

Հիալինային ցիլինդրներ կազմված են միայն սպիտակուցից: Նորմայում երիկամային էպիթելիալ բջիջներն արտադրում են այսպես կոչված Թամ-Հորսֆալի սպիտակուց (պլազմայում բացակայում է), որն էլ հիմք է հանդիսանում հիալինային ցիլինդրների առաջացման համար: Հիալինային ցիլինդրներն առաջանում են մեզում սպիտակուցների առկայության՝ պրոտեինուրիայի ժամանակ, նույնիսկ եթե վերջինս երիկամների ախտահարման հետ կապ չունի (ֆիզիոլոգիական պրոտեինուրիա): Միևնույն ժամանակ, հիալինային ցիլինդրների քանակի ավելացում գրանցվում է ախտաբանական պրոտեինուրիայով ուղեկցվող երիկամային տարբեր հիվանդությունների ժամանակ (գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ինտրեստիցիալ նեֆրիտ և այլն):

Հատիկավոր ցիլինդրները երիկամների խողովակիկների սպիտակուցային ծեփուկն է, որի մակերևույթին առկա են խողովակիկների էպիթելի վերափոխված կամ քայքայված բջիջները՝ ցիլինդրին տալով հատիկավոր տեսք: Հատիկավոր ցիլինդրները հայտնվում են այն հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են պրոտեինուրիայով և երիկամային խողովակիկների վնասմամբ (սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ, դիաբետիկ նեֆրոպաթիա, երիկամների ամիլոիդոզ, պիելոնեֆրիտ, տենդով ուղեկցվող վիրուսային վարակներ):

Մոմանման ցիլինդրներն առաջանում են երիկամային խողովակիկներից չհեռացած հիալինային և հատիկավոր ցիլինդրների պնդացման արդյունքում: Դրանք կազմված են մոմ հիշեցնող անստրուկտուր զանգվածից: Մեզում մոմանման ցիլինդրների առկայությունը, որպես կանոն, վկայում է երիկամների ծանր ախտահարման (օրինակ՝ ենթասուր չարորակ գլոմերուլոնեֆրիտ) կամ քրոնիկ երիկամային հիվանդության ուշ փուլերի մասին: Նման ցիլինդրների առկայությունն ունի պրոգնոստիկ անբարենպաստ նշանակություն:

Էրիթրոցիտային ցիլինդրներն առաջանում են սպիտակուցի և էրիթրոցիտների միաձուլումից: Մեզի նստվածքում այս ցիլինդրները հաճախ չեն հայտնաբերվում՝ փխրուն լինելու պատճառով: Էրիթրոցիտային ցիլինդրների առկայությունը վկայում է երիկամային ծագման հեմատուրիայի մասին (մեզում էրիթրոցիտներ) և կարող են հայտնաբերվել գլոմերուլոնեֆրիտի, երիկամների ուռուցքների, երիկամների ինֆարկտի, երիկամային երակների թրոմբոզի և այլ հիվանդությունների ժամանակ:

Լեյկոցիտային ցիլինդրներն առաջանում են սպիտակուցից և լեյկոցիտներից: Այս ցիլինդրները հայտնաբերվում են հազվադեպ: Գործնականում լեյկոցիտային ցիլինդրները գրեթե միշտ հանդիպում են պիելոնեֆրիտների ժամանակ:

Էպիթելիալ ցիլինդրները կազմված են երիկամների խողովակիկներից անջատված ու քայքայված էպիթելիալ բջիջներից: Մեզում դրանց հայտնվելը վկայում է երիկամներում ախտաբանական պրոցեսների մասին: Ավելի հաճախ էպիթելիալ ցիլինդրները հայտնաբերվում են նեֆրոզների և սուր նեֆրիտների ժամանակ: Երիկամի փոխպատվաստումից մի քանի օր անց հիվանդի մեզի նստվածքում էպիթելիալ ցիլինդրների ի հայտ գալը կարող է վկայել փոխպատվաստված երիկամի անջատման մասին:

Պիգմենտային ցիլինդրներն առաջանում են ցիլինդրի կազմում պիգմենտների առկայության ժամանակ: Մեզի նստվածքում պիգմենտային ցիլինդրներ սովորաբար հայտնաբերվում են միոգլոբինուրիայի և (կամ) հեմոգլոբինուրիայի ժամանակ:

Ցիլինդրոիդները գլանաձև տարրեր են, որոնք կազմված են լորձից: Եզակի ցիլինդրոիդներ կարող են երբեմն հայտնաբերվել առողջ մարդու մեզի նստվածքում: Դրանց քանակը շատանում է միզուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Մանրադիտակային զննմամբ՝ գլանակների թվաքանակը տեսադաշտում

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Մանրադիտակային զննմամբ՝ բացակայում է


Շեղված արդյունքների մեկնաբանում

Մեզում ցիլինդրների առկայություն (ցիլինդրուրիա)

Հիալինային ցիլինդրներ

  • երիկամային հիվանդություններ (սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամների տուբերկուլոզ, ուռուցքներ)
  • կանգային սրտային անբավարարություն
  • հիպերթերմիկ վիճակներ
  • ծանր ֆիզիկական լարվածություն
  • զարկերակային ճնշման բարձրացում
  • միզամուղների ընդունում

Հատիկավոր ցիլինդրներ (ոչ սպեցիֆիկ ախտանշան)

  • գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ
  • դիաբետիկ նեֆրոպաթիա
  • վիրուսային վարակներ
  • կապարով թունավորում
  • տենդ

Մոմանման ցիլինդրներ

  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • երիկամների ամիլոիդոզ
  • նեֆրոտիկ համախտանիշ

Էրիթրոցիտային ցիլինդրներ (երիկամային ծագման հեմատուրիա)

  • սուր գլոմերուլոնեֆրիտ
  • երիկամների ինֆարկտ
  • երիկամային երակների թրոմբոզ
  • չարորակ գերճնշում

Լեյկոցիտային ցիլինդրներ (երիկամային ծագման լեյկոցիտուրիա)

  • պիելոնեֆրիտ
  • լուպուս-նեֆրիտ (համակարգային կարմիր գայլախտ)

Էպիթելիալ ցիլինդրներ (ամենահազվադեպ հանդիպող տարբերակն է)

  • սուր խողովակիկային նեկրոզ
  • վիրուսային վարակ (օրինակ՝ ցիտոմեգալովիրուսային )
  • ծանր մետաղների աղերով, էթիլենգլիկոլով թունավորում
  • սալիցիլատների գերդոզավորում
  • ամիլոիդոզ
  • փոխպատվաստված երիկամի անջատում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Urinary cylinders

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UC

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում UC թեստն իրականացվում է միկրոսկոպիա վերլուծիչով:

Տարածել այս էջը