Վիտամին B12 (ցիանկոբալամին, կոբալամին) (Vit B12)


Ընդհանուր տեղեկություններ

Վիտամին B12-ը (ցիանկոբալամին, կոբալամին, Cobalamin) նորմալ արյունաստեղծումն ապահովող անհրաժեշտ նյութ է (էրիթրոցիտների առաջացում և հասունացում)։

Վիտամին B12-ը պարունակում է կոբալտ և ցիանային խումբ։ Օրգանիզմում չի սինթեզվում։

Ցիանկոբալամինի աղբյուր է հանդսանում աղիքային միկրոֆլորան, ինչպես նաև կենդանական ծագման սննդատեսակները (խմորասնկեր, կաթ, միս, լյարդ, երիկամներ, ձկնեղեն, հավկիթի դեղնուց)։ Մայրական կաթը վիտամին B12-ը պարունակում է մեթիլկոբալամինային տեսքով՝ օրգանիզմում այս նյութի հիմնական տարատեսակով։ Ստամոքսում ցիանկոբալամինը միանում է Կաստլի ներքի գործոնի հետ, որը ստամոքսի լորձաթաղանթի առպատային բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է (նույն այս բջիջներն արտադրում են նաև աղաթթու)։ Բարակ աղիների իլեուսային շրջանում այս կոմպլեքսը ներծծվում է, լորձաթաղանթի բջիջներում վիտամին B12-ն ազատվում է կոմպլեքսից և միանում մեկ այլ սպիտակուցի հետ՝ տրանսկոբալամին, որն էլ այս վիտամինը հասցնում է լյարդ և օրգանիզմի մյուս հյուսվածքները։

Վիտամին B12-ի հիմնական մասը դեպոյացվում է լյարդում։ Վիտամինի մեծ քանակություններ կլանվում են նաև փայծաղի և երիկամների կողմից, ավելի քիչ մասը պահեստավորվում է մկաններում։ Չափահաս մարդու օրգանիզմում վիտամինի ընդհանուր պահուստը կազմում է 2-5 մգ։

Վիտամին B12-ի նյութափոխանակությունն ընթանում է խիստ դանդաղ։ Այն արտազատվում է լեղու միջոցով, այնուհետև աղիներում մեծ մասը ռեաբսորբցվում է. այսպիսով, այս վիտամինին հատուկ է էնտերոհեպատիկ շրջանառությունը։

Վիտամին B12-ի դեֆիցիտ զարգանալու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմ մուտք գործող քանակների անբավարարությունը շարունակվի 5-6 տարի։

Ցիանկոբալամինն իրենից ներկայացնում է կոէնզիմ, որը մեծ դեր է խաղում ֆոլաթթվի նյութափոխանակության մեջ։ Մեթիլկոբալամինի մասնակցությամբ օրգանիզմում առաջանում է ֆոլաթթվի ակտիվ ձևը, որն իր հերթին մասնակցում է պիրիմիդինային և պուրինային հիմքերի, նուկլեաթթուների առաջացմանը։ Ահա թե ինչու կոբալամինի անբավարարության ժամանակ զարգանում է ոսկրածուծի, բերանի խոռոչի, լեզվի և աղեստամոքսային տրակտի պրոլիֆերացնող բջիջների ախտահարում, ինչն էլ բերում է արյունաստեղծման խաթարման, գլոսիտի, ստոմատիտի և աղիքային մալաբսորբցիայի։

Վիտամին B12-ը նպաստում է նաև էրիթրոցիտներում սուլֆհիդրիլային խմբի (գլուտաթիոն) կուտակմանը, ուստի և վիտամինի անբավարարությունը պատճառում է էրիթրոցիտների կիսման և հասունացման գործընթացների խանգարման և մեգալոբլաստիկ սակավարյունության առաջացման։

Վիտամին B12-ը հանդիսանում է նաև հոմոցիստերինմեթիլտրասֆերազ ֆերմենտի կոֆակտր, որը մասնակցում է հոմոցիստեինից մեթիոնի փոխակերպմանը։ Մեթիոնն անհրաժեշտ է ֆոսֆոլիպիդների և նեյրոնների միելինային թաղանթի սինթեզի համար, ուստի Վիտամին B12-ի դեֆիցիտը ուղեկցվում է նաև նևրոլոգիական ախտանիշաններով՝ հոգեկան խանգարումներ, պոլինևրիտներ, ֆոլիկուլյար միելոզ (ողնուղեղի վնասում): Մեթիոնը խոլինի հետ միասին լյարդի վրա ունի բարերար ազդեցություն, քանի որ կանխում է ճարպային հեպատոզը։


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • մակրոցիտար անեմիաների տարբերակիչ ախտորոշում
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ
  • վիտամին В12-ի դեֆիցիտի բնածին ձևերի ախտորոշում
  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգի հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Չափման միավորների փոխակերպում

պմոլ/լ х 1,36 = պգ/մլ, պգ/մլ x 0.738 = պմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմաներ

(191-663) պգ/մլ


Շեղված արդյունքների մեկնաբանում

Վիտամին B12-ի մակարդակի բարձրացում

  • լյարդի հիվանդություններ՝ սուր և քրոնիկ հեպատիտներ, լյարդի ցիռոզ և լյարդային կոմա, որի ժամանակ կոբալամինի մակարդակը կարող է նորման գերազանցել 30-40 անգամ
  • էրիթրոլեյկեմիա
  • լյարդի մետաստատիկ ախտահարում
  • տրանսկոբալամինի մակարդակի բարձրացում (չնայած լյարդում վիտամինի պահեստի հնարավոր հյուծմանը)
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • սուր և քրոնիկ միելոլեյկոզներ, մոնոցիտար լեյկոզ

Վիտամին B12-ի մակարդակի նվազեցում

1.Օրգանիզմ վիտամին B12-ի անբավարար մուտք

  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգ
  • մայրական կաթի մեջ B12-ի անբավարար քանակություն (նորածինների մոտ մեգալոբլաստիկ անեմիաների պատճառ)
  • քրոնիկ ալկոհոլիզմ

2. Աղեստամոքսային տրակտով կոբալամինների ներծծման խանգարում

  • մալաբսորբցիայի համախտանիշ (ցելիակիա, սպրու)
  • աղեստամոքսային ուղու տարբեր հատվածների ռեզեկցիա (ստամոքս, բարակ աղիներ)
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ
  • մակաբուծային ինվազիաներ (հատկապես՝ լայն երիզորդի դեպքում՝ դեֆիլլոբոտրիոզ)
  • Ադդիսոն-Բիրմերի հիվանդություն (Կաստլի ներքին գորոծնի անբավարարություն և պերնիցիոզ անեմիա)
  • Ալցհեյմերի հիվանդություն

3. Կոբալամինների փոխանակության բնածին խանգարումներ

  • ացիդուրիա (մեթիլմալոնային և այլն)
  • տրանսկոբալամինի դեֆիցիտ
  • Իմմերսլունդ-Գրիսբեկի համախտանիշ (աղիների պատով վիտամին B12-ի տեղափոխման բնածին խանգարում, որն ուղեկցվում է պրոտեինուրիայով)

4. Ֆոլաթթվի դեֆիցիտ

5. Որոշ դեղերի ընդունում

  • ամինոգլիկոզիդներ
  • նեոմիցին
  • հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ)
  • խոլեսթիրամին
  • օրալ հակաբեղմնավորիչներ
  • ռանիտիդին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Vitamin B12

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Vit B12

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Vit B12 թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը