Վիտամին D ընդհանուր (25-OH կալցիֆերոլ) (25(OH)D)


Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր վիտամին D-ն (25-հիդրօքսիկալցիֆերոլ) հանդիսանում է արյան մեջ վիտամին D-ի նյութափոխանակության հիմնական արգասիքը՝ այսպիսով արտացոլելով օրգանիզմում այս վիտամինի մակարդակը և թույլ տալով ախտորոշել վերջինիս անբավարարությունը կամ ավելցուկը։

25-հիդրօքսիկալցիֆերոլի կամ 25-հիդոօքսիվիտամին D-ի (25(OH)D) մեծ մասն առաջանում է լյարդում, այս վիտամինի հիդրօքսացման առաջին փուլում։ Ունի չափավոր կենսաբանական ակտիվություն։ 25(OH)D-ն արյան միջոցով տեղափոխվում է սպիտակուցների հետ կապված վիճակում և կարող է պահեստավորվել ճարպային հյուսվածքում։ 25(OH)D-ի ոչ մեծ մասը հետագա հիդրօքսացման է ենթարկվում երիկամներում՝ առաջացնելով ավելի թույլ ակտիվություն ունեցող 1,25(OH)D արգասիքը։

Պարատհորմոնը բարձրացնում է երիկամներում 1,25(OH)D-ի արտադրությունը, երբ նվազում է վիտամին D-ի նյութափոխանակության կենսաբանորեն ոչ ակտիվ արգասիքի՝ 24,25(OH)D-ի մակարդակը։

25(OH)D-ի երկու հիմնական տարատեսակներն են խոլեկալցիֆերոլը (վիտամին D3) և էրգոկալցիֆերոլը (վիտամին D2)։ Վիտամին D3-ն առաջանում է գլխավորապես մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, մինչդեռ վիտամին D2-ի աղբյուրը սնունդն է։ Կարևոր է այն հանգամանքը, որ 25(OH)D-ի մակարդակն արտացոլում է այս երկու բաղադրիչների ընդհանուր քանակությունը։ Ուստի, 25(OH)D-ն հանդիսանում է օրգանիզմում վիտամին D-ի վիճակի լավագույն ցուցանիշը։

Վիտամին D-ն մասնակցում է կալցիումի փոխանակությանը։

Վիտամին D-ի անբավարարությունը երեխաների մոտ արտահայտվում է ռախիտով, իսկ չափահասների մոտ՝ օստեոմալյացիայով (ոսկրակակղանք)։ Վերջինիս հիմքում ընկած է ոսկրերում միներալների նվազեցումը։ Հիպովիտամինոզ D-ն իր կլինիկական արտահայտվածությամբ նման է հիպերպարաթիրեոիդիզմին, որը կարող է զարգանալ երկրորդային։

Վիտամին D-ի դեֆիցիտի ախտորոշման համալիր միջոցառումները 25(OH)D-ի մակարդակի որոշումից բացի պետք է ընդգրկեն նաև արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի որոշումը, որոնց մակարդակները նույնպես նվազում են, ինչպես նաև միզանյութի, կրեատինինի և մագնեզիումի հետազոտությունները՝ բացառելու երիկամների ախտահարումը և մագնեզիումի անբավարարությունը։

Վիտամին D-ի ավելցուկը կարող է հանգեցնել տոքսիկ ազդեցությունների, ինչը ավելի հաճախ գրանցվում է երեխաների մոտ՝ վիտամին D-ի մեծ դեղաչափեր կամ սահմանվածից ավելի երկար ընդունելիս։ Այն արտահայտվում է հիպերկալցեմիայով, հիպերֆոսֆատեմիայով, փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիայով, նողկանքով, փսխումներով, փորկապությամբ, անոռեքսիայով, ինչպես նաև աճի և զարգացման դանդաղեցմամբ։


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս քան 8 ժամ, բայց ոչ շատ քան 14 ժամ առաջ)։ Կարելի է ջուր ընդունել։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

Ստորև թվարկված հիվանդությունների և վիճակների հետ ասոցիացվող կալցիումի նյութափոխանակության խանգարման ախտորոշում.

  • ռախիտ
  • հղիություն
  • ատրոֆիկ գաստրիտ
  • սնուցման և մարսողության խանգարումներ
  • երիկամային օստեոդիստրոֆիաներ
  • հիպոպարաթիրեոիդիզմ
  • հետդաշտանադադարային օստեոպորոզ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Չափման միավորների փոխակերպում

նմոլ/մլ х 2,496 = նգ/մլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմաներ

(30-100) նգ/մլ

Վիտամին D-ի մակարդակի շեղումների տարբերակում

  • կտրուկ դեֆիցիտ՝ մինչև 10 նգ/մլ
  • չափավոր դեֆիցիտ՝ 11-20 նգ/մլ
  • անբավարարություն` 21-29 նգ/մլ
  • հնարավոր է տոքսիկ ազդեցություն՝ > 150 նգ/մլ

Շեղված արդյունքների մեկնաբանում

Վիտամին D-ի մակարդակի բարձրացում

  • վիտամին D-ով ինտոքսիկացիա
  • արևի լույսի (ճառագայթների) երկարատև ազդեցություն
  • Էտիդրոնատ դինատրիումի պերօրալ ընդունում

Վիտամին D-ի մակարդակի նվազեցում (անբավարարություն, դեֆիցիտ)

  • սնուցման խանգարում, մալաբսորբցիա
  • ստեատորիա
  • բիլիար և պորտալ ցիռոզ
  • երիկամային օստեոդիստրոֆիայի որոշ դեպքեր
  • ոսկրա-ֆիբրոզ օստեիտ
  • թիրեոտոքսիկոզ
  • ենթաստամոքսային գեղձի անբավարարություն
  • ցելիակիա
  • աղիների բորբոքային հիվանդություններ կամ աղիների ռեզեկցիա
  • ռախիտ
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • հիպոպարաթիրեոիդիզմ (< 3 նգ/մլ)
  • առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ (2,5-11 նգ/մլ)
  • քրոնիկ երիկամային անբավարարություն (0,5-1,5 նգ/մլ)
  • օստեոմալացիայի հանգեցնող որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային դեղեր, ալյումինի հիդրօքսիդ, խոլեսթիրամին, խոլետիպոլ, էտիդրոնատ դինատրիում (ն/ե), գլյուկոկորտիկորիդներ, իզոնիազիդ, ռիֆամպին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Vitamin D total (25-OH calciferol)

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ 25(OH)D

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում 25(OH)D թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը