Լեյկոցիտներ (արյան սպիտակ գնդիկներ) (WBC)


Ընդհանուր տեղեկություններ

Լեյկոցիտներն օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան իրականացնող արյան սպիտակ գնդիկներն են:

Լեյկոցիտներն (White Blood Cells, WBC) արյան կորիզավոր սպիտակ բջիջներ են, որոնք առաջանում են կարմիր ոսկրածուծում և ավշային համակարգի օրգաններում: Այս բջիջների կենսագործունեությունը և կյանքի տևողությունը կախված է նրանից, թե որ պոպուլյացիային են պատկանում (նեյտրոֆիլներ, լիմֆոցիտներ, էոզինոֆիլներ կամ բազոֆիլներ): Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև կամ լեյկոֆորմուլա), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել:

Լեյկոցիտների մի մասի ցիտոպլազման պարունակում է հատիկներ, իսկ մյուս մասը չի պարունակում: Հատիկներ պարունակող լեյկոցիտները կոչվում են հատիկավոր կամ գրանուլոցիտներ (բազո‎ֆիլներ, էոզինոֆֆիլներ, նեյտրոֆիլներ), իսկ հատիկներ չպարունակողները՝ ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ (լիմ‎ֆոցիտներ, մոնոցիտներ), որոնք տարբերվում են միմյանցից ծագումով, ֆունկցիայով և արտաքին տեսքով:

Լեյկոցիտների կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի:

Լեյկոցիտների տարբեր տեսակներ իրականացնում են տարբեր ֆունկցիաներ, ուստի լեյկոցիտների քանակության փոփոխություն գրանցելիս (ինչպես շատացումն, այնպես էլ կրճատումը) կարևոր է նաև լեյկոֆորմուլայի հետազոտությունը՝ ճշտելու, թե լեյկոցիտների որ տեսակը կամ տեսակներն են պատասխանատու դիտարկված շեղման համար: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել նաև այն, որ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ լեյկոֆորմուլայի շեղումները դառնում են ոչ սպեցիֆիկ, քանի որ տարբեր հիվանդությունների դեպքում կարող են դրսևորվել միանման շեղումներ:

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև, որ լեյկոցիտների տարբեր տեսակների քանակական շեղումները կարող են լինել ինչպես բացարձակ (փոփոխվում է տվյալ պոպուլյացիայի լեյկոցիտների բացարձակ թիվը), այնպես էլ հարաբերական (փոփոխվում են լեյկոցիտների տարբեր պոպուլյացիաների թվաքանակի տոկոսային մասնաբաժինները):

Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա: Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե՛ լեյկոցիտոզը, թե՛ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում:

Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ: Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)

Այլընտրանքային չափման միավոր

103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ​

  • չափահասներ՝ 4,0-10,0 x 109
  • երեխաներ՝ մինչև 12,0 x 109
  • նորածիններ՝ մինչև 15,0 x 109

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք WBC, 109 բջիջ/լիտր
1-15 օր. 5 - 15
15 օր. - 12 ամս. 4 - 10
12 ամս. - 2 տ. 3 - 10
2-15 տ. 3 - 9
≥ 15 տ. 3 - 11

Շեղված արդյունքների մեկնաբանում

Լեյկոցիտների թվաքանակի բարձրացում (լեկյոցիտոզ)

  • ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ (հուզական և ֆիզիկական լարվածություն, արևի ճառագայթների, ցրտի ազդեցություն, սննդի ընդունում, հղիություն, դաշտանային ցիկլ)
  • բորբոքումներ
  • վիրուսային և բակտերիալ վարակներ
  • վիճակ կրած վիրահատական միջամտությունից հետո
  • ինտոքսիկացիաներ
  • այրվածքներ և վնասվածքներ
  • ներքին օրգանների ինֆարկտներ
  • չարորակ նորագոյացություններ
  • հեմոբլաստոզներ

Լեյկոցիտների թվաքանակի նվազեցում (լեյկոպենիա)

  • վիրուսային և որոշ քրոնիկ վարակներ
  • աուտոիմուն հիվանդություններ
  • իոնիզացնող ճառագայթման ազդեցություն
  • հյուծում և կախեքսիա
  • անեմիաներ
  • սպլենոմեգալիա
  • հեմոբլաստոզներ
  • որոշ դեղերի ընդունում՝ հակաբիոտիկներ, ցիտոստատիկներ, ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, թիրեոստատիկներ և այլն

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Leucocytes (White Blood Cells)

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ WBC

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում WBC թեստն իրականացվում է Mindray® BC-2300 Hematology Analyzer վերլուծիչով:

Տարածել այս էջը