Փորձագետները թարմացրել են սրտանոթային ռիսկերի ուղեցույցը

24-12-2013

Փորձագետները թարմացրել են սրտանոթային ռիսկերի ուղեցույցը

Սրտաբանության ամերիկյան քոլեջը (ACC) և Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA) վերջին 5 տարիների ընթացքում ամփոփել են բազմաթիվ մեծածավալ հետազոտություններ՝ ներառյալ մինչև 2011թ. զեկուցված կլինիկական փորձարկումները, որի հիման վրա հրապարակել են 4 զեկույցների շարք՝ նվիրված սրտանոթային ռիսկերի գնահատմանը և կենսակերպի փոփոխության միջոցով այդ ռիսկերը նվազեցնելու հիմնական ուղղությունների ձևակերպմանը:

Արդյունքում, նոր հրապարակված ուղեցույցներում ընդգծվում են մի շարք կարևոր գործոններ, որոնք բժիշկները պետք է հաշվի առնեն պացիենտի մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկը գնահատելիս:

Առաջին ուղեցույցով առաջարկվում է սրտանոթային ռիսկի նոր հաշվիչ (CV Risk Calculator)` մի գործիք, որը թույլ է տալիս 40-79 տարեկան առողջ մարդկանց համար կանխատեսել 10-ամյա և կյանքի ընթացքում սրտանոթային հիվանդությունների ռիսկի մակարդակը: Այս հաշվիչը հիմնված է տարբեր գործոնների վրա՝ ներառյալ պացիենտի տարիքը, սեռը, ռասան, նրա արյան ընդհանուր խոլեսթերինը (CHOL), բարձր խտության լիպոպրոտեիդները (HDL), զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետի առկայությունը և ծխախոտի օգտագործումը:

Որոշ մասնագետներ արդեն հասցրել են քննադատել նոր հաշվիչի ճշգրտության աստիճանը՝ նշելով, որ այն հաճախ գերագնահատում է սրտանոթային ռիսկի աստիճանը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ ստիպված են լինում սկսել կանխարգելիչ ստատինների ընդունումը: Հակառակ սրան, նոր մոտեցման համակիրները փաստում են, որ այն ավելի գերադասելի է, քան նախկինում կիրառվող հաշվիչները:

Ուղեցույցներից երկրորդը վերաբերվում է արյան պլազմայի խոլեսթերոլին և վերջինիս ֆրակցիաներին: Եթե նախորդ ուղեցույցներում առաջարկվում էր ցածր խտության լիպոպրոտեիդների (LDL) մակարդակը պահել ցածր-թիրախային արժեքների վրա որոշ դեղերի միջոցով, ապա նոր ուղեցույցով այդ թիրախներն ավելի են նվազեցվել: Որպես պատճառ նշվում է այն, որ որոշ դեղեր, նվազեցնելով խոլեսթերոլի մակարդակը, չեն կարողանում կանխարգելել սրտանոթային պատահարները (սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ): Սրտանոթային բարձր ռիսկով պացիենտներին առաջարկվում է բուժել միայն ստատիններով, որը դրսևորում է լավագույն օգուտը և զերծ մնալ ստատիններից բացի այլ՝ չապացուցված արդյունավետությամբ դեղեր նշանակելուց:

Երրորդ ուղեցույցում ACC-ն և AHA-ն կարևորում են կենսակերպի փոփոխությունները, որոնք սրտանոթային հիվանդությունների ռիսկը կրճատելու առումով առավել արդյունավետ միջոցառումներն են: Առողջ ապրելակերպ վարելուց բացի առաջարկվում է որոշակի սննդակարգի պահպանումը, օրինակ՝ միջերկրածովյան տիպի բանջարեղենային, մրգային, չմշակված հացահատիկային, ճարպերի քիչ քանակ պարունակող սննդամթերքներ, ձկնեղեն, ռլոռազգիներ, ոչ արևադարձային բանջարեղենային ձեթ և ընկույզ: Միաժամանակ, խորհուրդ է տվում բացառել կամ նվազեցնել քաղցր, կարմիր միս և ճարպերով հարուստ սննդի օգտագործումը: Ապացուցվել է, որ շաբաթական 3-4 անգամ 40-րոպեանոց ֆիզիկական վարժությունները առողջ սննդակարգի հետ միասին ունակ են նվազեցնելու LDL-խոլեսթերոլը և զարկերակային ճնշումը:

Վերջապես, չորրորդ ուղեցույցը վերաբերվում է մարմնի ավելորդ քաշի կամ գիրության դեմ պայքարին՝ որպես սրտանոթային ռիսկի նվազեցման կարևոր ուղղություն: Մարմնի զանգվածի գործակցի (BMI) 25-29 արժեքները վկայում են մարմնի ավելորդ քաշի, իսկ 30 և ավել ցուցանիշները՝ գիրության մասին: Առաջարկվում է այս ցուցանիշից բացի կիրառել նաև գոտկատեղի շրջանագծի չափումը, որի բարձր թվերը կարող են վկայել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային և այլ հիվանդությունների ռիսկի բարձրացման մասին: Տղամարդկանց մոտ գոտկատեղի շրջնագծի 40 դույմ (1 դույմ=2,54 սմ) և կանաց մոտ՝ 35 դույմ և ավելի ցուցանիշները վկայում են բուժման անհրաժեշտության մասին: Դիետայի և առողջ ապրելակերպի միջոցով մարմնի քաշի բարելավման վեցամսյա միջոցառումներն արդեն իսկ ունակ են նվազեցնել սրտանոթային և մյուս ռիսկերը:

Այսպիսով, նոր ուղեցույցներով մեկ անգամ ևս շեշտադրվում է սրտանոթային ռիսկերի նվազեցման ռազմավարությունը, որը կարող է ոչ միայն կանխարգելել վաղ հիվանդացությունը և մահացությունը, այլ նաև էապես բարելավել բուժման արդյունավետությունը:

Աղբյուրներ՝
Clinical Practice Guidelines For Prevention, հղում
CV Risk Calculator, հղում

Տարածել այս էջը