Շագանակագեղձի սքրինինգ. վերանայված ուղեցույցներ

27-06-2013

Շագանակագեղձի սքրինինգ. վերանայված ուղեցույցներ

Այս կազմակերպության վերջին զեկույցում խորհուրդ է տրվում արյան պլազմայում պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) թեստը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտություն, իրականացնել հիմնականում 55-69 տարեկան տղամարդկանց շրջանում:

Հետաքրքիր է, որ AUA-ի նախորդ՝ 2009թ. ուղեցույցում առաջարկվում էր, որ PSA-ի ամենամյա սքիրինիգն իրականացվի 40-անց բոլոր տղամարդկանց շրջանում: Ինչպես ինքներդ եք տեսնում, նոր ուղեցույցով PSA-ի սքրինինգային տարիքը բարձրացել է 15 տարով՝ 40-ից հասնելով 55-ի:

AUA-ն նման եզրահանգման եկել է մի շարք պատճառներից ելնելով:

Նախ, վերջին հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ PSA-ի զանգվածային սքրինինգը չի բերում շագանակագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշների կրճատման:

Երկրորդ պատճառն այն է, որ PSA-ի կեղծ-դրական պատասխանների պատճառով երբեմն պացիենտները ենթարկվում են շագանակագեղձի ոչ անհրաժեշտ բիոպսիայի, որով քաղցկեղի առկայությունը ժխտվում էր:

AUA-ի նոր ուղեցույցով, այսպիսով, 55-69 տարեկան տղամարդկանց առաջարկվում է PSA-սքրինինգ անցնել միայն իրենց բժիշկների հետ նախապես քննարկելուց հետո, իսկ համաձայնության գալուց հետո կրկնել այս թեստը ոչ ավելի հաճախ, քան 2 տարին մեկ անգամ և նույնիսկ ավելի հազվադեպ, եթե հետազոտությամբ ստացվում է բավականին ցածր ցուցանիշ (<1.0 ng/mL):

AUA-ի մեկ այլ տվյալով, 55-69 տարեկան տղամարդկանց շրջանում PSA-հետազոտությունը կարող է կանխարգելել հետագա 10 տարիների ընթացքում զարգացող շագանակագեղձի քաղցկեղի 1 դեպք՝ 1000 հետազոտվողից:

Հետաքրքիր է, որ ամերիկյան այլ ասոցիացիաներ ևս անդրադարձել են տղամարդկանց շրջանում PSA-սքրինինգի նպատակահարմարությանը:

  • Բժիշկների ամերիկյան քոլեջ (ACP). 50-69 տարեկան տղամարդիկ կարող են անցնել նման սքրինինգ՝ իրենց բժիշկների հետ ռիսկերի և օգուտների մասին նախապես քննարկելուց հետո:
  • Կանխարգելիչ բժշկության ամերիկյան քոլեջ (ACPM). զանգվածային սքրինինգի փոխարեն 45 և ավելի մեծ տարիքի տղամարդիկ կարող են PSA-ի նկատմամբ հետազոտվել բարձրացած ռիսկի, իսկ 40-անց տղամարդիկ՝ ավելի բարձր ռիսկի առկայության պայմաններում (ռիսկի գործոնների մեջ իր տեղն ունի նաև ժառանգականությունը և մինչև 65 տարեկանը մոտիկ հարազատների շրջանում շագանակագեղձի քաղցկեղը):
  • Վիրաբույժների ամերիկյան քոլեջ (ACS). միջին ռիսկով տղամարդկանց հետ անցկացնել խորհրդատվություն, որպեսզի նրանք կարողանան PSA-թեստի վերաբերյալ կայացնել տեղեկացված որոշում, իսկ ավելի ցածր տարիքի տղամարդկանց պարագայում՝ բարձր ռիսկի ժամանակ:
  • ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբ. չկատարել PSA-սքրինինգ շագանակագեղձի քաղցկեղի ախտանշանների բացակայության պայմաններում, քանի որ նման հետազոտության վնասը կարող է գերակշռել օգուտներին:

Աղբյուր. Screening for Prostate Cancer: A Guidance Statement From the Clinical Guidelines Committee of the American College of Physicians, հղում

Տարածել այս էջը