Ողնաշարա-ենթաանրակային «կողոպտման» կամ Steal համախտանիշ

19-02-2019

Ողնաշարա-ենթաանրակային «կողոպտման» կամ Steal համախտանիշ

Բազկագլխային ցողունի կամ ենթաանրակային զարկերակի խցանող ախտահարումները, որպես օրենք, ուղեկցվում են Steal-համախտանիշի զարգացմամբ: Այն ախտահարված կողմում բերում է ենթաանրակային և ողնաշարային զարկերակներում ճնշման անկման, որի արդյունքում ձևավորվում է հետադարձ (ռետրոգրադ) հոսք ողնաշարային զարկերակում` հետերոլատերալ համանուն զարկերակի հաշվին:

Steal սինդրոմի (անգլերեն՝ (vertebral subclavian steal syndrome, VSSS) հայտնաբերման դուպլեքս մեթոդը հիմնված է ողնաշարային և ենթաանրակային զարկերակներում գծային արագությունների գրանցումով և միաժամանակ ռեակտիվ հիպերեմիայի փորձի դրական արդյունքի հայտնաբերումով:

Ռեակտիվ հիպերեմիայի փորձը հանդիսանում է ենթաանրակային զարկերակի խցանող ախտահարումների (Steal համախտանիշի հետ) ախտորոշման հաստատման բանալին: Ողնաշարային զարկերակներում 50% և ավելի ասիմետրիայի դեպքում անպայման կատարվում է ռեակտիվ հիպերեմիայի փորձը: Վերջինս կատարվում է հետևյալ հերթականությամբ: Նախ, հիվանդի ձեռքին հագցնում են տոնոմետրի մանժետը: Տվյալ կողմում գտնում են ողնաշարային զարկերակը, այնուհետև մանժետում ճնշումը 60 վրկ. տևողությամբ բարձրացնում են 20-40 մմ սնդ. սյունով բարձր արյան ճնշումից այնպես, որ վերին վերջույթում անոթազարկը (պուլսացիան) դադարի, որից հետո հետո կտրուկ իջեցնում են ճնշումը:

Սա բերում է հոմոլատերալ ողնաշարային զարկերակում արյան գծային արագության փոփոխման (ռետրոգրադ հոսքի մեծացման), ինչը և խոսում է Steal համախտանիշի առկայության մասին: Այսինքն ռեակտիվ հիպերեմիայի փորձը ունի դրական արդյունք:

Տարբերում են Steal համախտանիշի 3 ձև:

      Լատենտ, որն առաջանում է ենթաանրակային զարկերակի կամ բազկագլխային ցողունի 50-70% նեղացումների ժամանակ: Այն ուղռկցվում է հոմոլատերալ ողնաշարային զարկերակում դոպլերյան սպեկտրի փոփոխությամբ (լրացուցիչ պիկեր դիաստոլայում), ինչպես նաև գծային արագության նվազումով: Հոմոլատերալ վերին վերջույթում գրանցվում է արյան շրջանառության անցողիկ կամ մագիստրալ փոփոխված տիպ:
      Անցողիկ, որը լինում է վերոհիշյալ զարկերակների 70% և ավելի նեղացումների ժամանակ: Այն ուղեկցվում է ողնաշարային զարկերակում արյան գծային արագության նվազումով, երկֆազ արյան հոսքի առաջացումով: Հոմոլատերալ վերին վերջույթում գրանցվում է արյան շրջանառության մագիստրալ փոփոխված տիպ, իսկ 90% և ավելի նեղացումների ժամանակ դիտվում է արյան շրջանառության կոլատերալ տիպ:
      Կայուն կամ մշտական, որն առաջանում է խցանումների ժամանակ և ուղեկցվում է ռետրոգրադ, կոլատերալ հոսքով ողնաշարային և վերին վերջույթի զարկերակներում:

Նյութը սիրով տրամադրեց՝ անոթային վիրաբույժ, անոթների ԳՁՀ մասնագետ Արման Մկրտչյանը

Տարածել այս էջը