Յունիմեդ ԲԿ արժեքներ

ՀԱՐՑ. «Ո՞րն է արյան մեջ C-պեպտիդի հետազոտման նշանակությունը»

09-08-2016

ՊԱՏԱՍԽԱՆ

C-պեպտիդը կենսաբանական ակտիվ նյութ է, որն ինսուլինի հետ միասին առաջանում է պրոինսուլինի քայքայումից: Այսինքն, C-պեպտիդը գաղափար է տալիս ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի մակարդակի մասին. եթե C-պեպտիդի մակարդակը նորմայից ցածր է, սա նշանակում է, որ օրգանիզմում արտադրվում է ինսուլինի անբավարար քանակություն (հիշեցման կարգով նշենք, որ ինսուլինի ցածր մակարդակն էլ հանգեցնում է արյան գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը):

Ձեզ մոտ հարց կծագի, թե՝ ինչո՞ւ որոշել C-պեպտիդը, եթե կարելի է պարզապես չափել արյան ինսուլինը: Կան մի շարք պատճառներ, որոնք C-պեպտիդի չափմանը տալիս են ցայտուն առավելություններ:

Նախ, C-պեպտիդն ավելի կայուն է և ավելի ուշ է քայքայվում, քան ինսուլինը: Այսինքն, արյունը հետազոտելիս կարող է արտադրված ինսուլինի մի մասը քայքայված լինել, և վերջինիս առկա մակարդակը չհամապատասխանի արտադրված ինսուլինի քանակին:

Երկրորդ, ինսուլինն արտադրվելուց հետո կապվում է արյան սպիտակուցների հետ, և «ազատ» ինսուլինը, դարձյալ, ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի մասին լիարժեք տեղեկատվություն չի տա:

Վերջապես, C-պեպտիդի չափումն անփոխարինելի է այն պացիենտների համար, ովքեր ստանում են ինսուլին: Ինսուլին ստացող հիվանդների մոտ ինսուլինի չափումը, հասկանալի պատճառներով, կորցնում է իր արժանահավատությունը:

Տարածել այս էջը