Յունիմեդ ԲԿ արժեքներ

Անալիզ հանձնելուց առաջ...

Բժշկական որոշումների մեծ մասը կախված է պացիենտի լաբորատոր հետազոտության արդյունքներից: Իսկ սա նշանակում է, որ բժշկին տրամադրվող լաբորատոր պատասխանները պետք է առավելագույնս համապատասխանեն պացիենտի առողջական վիճակին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ լաբորատոր պատասխանները կարող են շեղվել ոչ միայն որպես հիվանդության հետևանք, այլ նաև հետազոտությանն անպատրաստ ներկայանալու պատճառով:

Այսպիսով, կան որոշ կանոններ, որոնց պահպանելը էապես կբարելավի լաբորատորիայից ստացված արդյունքների հուսալի լինելը: Եկեք ծանոթանանք դրանցից ամենակարևորներին:

Արյան հետազոտություն

  • Բազմաթիվ, եթե ոչ բոլոր հետազոտությունների դեպքում ամենակարևոր պայմանը արյան նմուշը քաղցած վիճակում հանձնելն է: Օրինակ, արյան գլյուկոզայի կամ լիպիդային պրոֆիլի (խոլեսթերինն իր ֆրակցիաներով) հետազոտությունից առնվազն 10-12 ժամ առաջ պացիենտը պետք է և ոչ մի տեսակի սնունդ (անգամ՝ փոքր չափով) ընդունած չլինի՝ բացառությամբ ջրի:
  • Հետազոտվելու նախորդ օրը, առավել ևս՝ բուն հետազոտման օրն անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ ծանր ֆիզիկական աշխատանքից: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կմախքային մկանուքի «հոգնած» լինելը կարող են ժամանակավորապես փոփոխել լաբորատոր որոշ ցուցանիշների մակարդակը:
  • Նույն կերպ, արյունը հանձնելուց առաջ պացիենտը պետք է լինի հանգիստ վիճակում: Որոշ անձանց մոտ բուժհաստատություն այցելելիս, ներարկիչ և ասեղ տեսնելիս առաջանում է անհանգստություն, տագնապ կամ վախ, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են «արյան պատկերը» փոփոխել: Այնպես որ, լաբորատորիա այցելելիս պետք չէ շտապել՝ բուժհաստատությունից «շուտ փախչելու» միտքը գլխում: Պետք է նստել, հանգստանալ մի քանի րոպե: Գուցե օգտակար լինի մյուս հետազոտվողներին «կողքից զննելը»:

Մեզի հետազոտություն

  • Մեզը հավաքելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել արտաքին սեռական օրգանների մանրակրկիտ լվացում:
  • Եթե առանձին ցուցում չեք ստացել, ապա մեզի հետազոտության համար ընդունելի է միայն առավոտյան մեզի հանձնումը: Սովորաբար, լավագույնը միզելուց մեզի միջին չափաբաժինների հավաքումն է:
  • Եթե մեզը հավաքվում է տանը, ապա այն լաբորատորիա պետք է բերել սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահելիս՝ մինչև 2 ժամվա, իսկ սառնարանային (2-8oС) պայմանների դեպքում՝ մինչև 5-6 ժամվա ընթացքում:
  • Մեզի նմուշը պետք է հանձնել միանգամյա օգտագործման փակ անոթում: Այն Ձեզ կտրամադրվի մեր կենտրոնում (հակառակ դեպքում կարող եք գնել դեղատներում):
  • Կանայք հնարավորինս պետք է հրաժարվեն դաշտանի փուլում մեզի հետազոտությունից (դաշտանային արտազատուկների՝ մեզում հայտնվելու հավանականություն):
  • Մեզի հետազոտությանը նախորդող մեկ օրվա ընթացքում արգելվում է մեզի գույնը փոփոխող սննդի (բազուկ, գազար), ալկոհոլի կամ դեղերի ընդունումը (այդ թվում՝ միզամուղներ):
Տարածել այս էջը