Զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգ

ԶՃ 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգը մի հետազոտություն է, որի ժամանակ 24 ժամվա ընթացքում փոքր սարքը բազմակի անգամներ չափում է հետազոտվողի ԶՃ-ն և իր հիշողության մեջ գրանցում չափման ժամը և ԶՃ ցուցանիշները:
Հետազոտվողին տրամադրվում է նաև օրագիր-թերթիկ, որի մեջ նա կատարում է նշումներ (ինքնազգացողության փոփոխություններ, դեղերի անվանումներ, օրվա ընթացքում դրանք ընդունելու ժամեր և այլն):
Սովորաբար, տեղադրված սարքը ավտոմատ կերպով հետազոտվողի ԶՃ-ն չափում է ցերեկային ժամերին 15 րոպեն մեկ, իսկ գիշերները՝ 30 րոպեն կամ 1 ժամը մեկ անգամ: Իհարկե, ԶՃ-ի չափման ցերեկային և գիշերային ռեժիմները կարելի փոփոխել ու հարմարեցնել ըստ պահանջի:
Ցուցումներ
- Ըստ միջազգային ուղեցույցների, ԶՃ մոնիթորինգ պետք է անցնեն բոլոր այն անձինք, ում մոտ գրանցվում են ԶՃ-ի 140/90 մմ ս.ս. և ավելի բարձր ցուցանիշներ:
- Բուժմանը չենթարկվող կամ ոչ բավարար վերահսկվող զարկերակային գերճնշման դեպքեր
- Նշանակված հակագերճնշումային դեղի նկատմամբ օրգանիզմի «դիմադրողականություն»:
- Հղիության ընթացքում ԶՃ բարձրացման կամ հիպերտոնիայի դեպքեր:
- Սրտանոթային հիվանդությունների կամ բարդությունների ռիսկը բարձրացնող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, երիկամային հիվանդություններ և այլն:
- Սիստոլիկ հիպերտոնիայով մեծահասակ պացիենտներ:
- «Սպիտակ խալաթի» հիպերտոնիայի կամ պոստուրալ հիպոտոնիայի կասկած (տես ստորև):
Մեր կենտրոնում 24-ժամյա ԶՃ մոնիթորինգի սարքը տեղադրվում է շաբաթվա 6 օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:
Հաճախակի տրվող հարցեր
- Ի՞նչ է նշանակում «ամբուլատոր մոնիթորինգ»:
«Ամբուլատոր մոնիթորինգ» նշանակում է հսկողություն արտահիվանդանոցային՝ տնային պայմաններում:
- Ինչո՞ւ չբավարարվել ԶՃ ստանդարտ չափումներով:
Ելնելով այն իրողությունից, որ ԶՃ բարձրացումը ոչ միշտ է ընթանում ցերեկային ժամերին, և որ ավելի կարևոր է ոչ թե այս ցուցանիշի մեկ կամ մի քանի չափումը, այլ՝ մշտական հսկողության տակ պահելը, 24-ժամյա ԶՃ մոնիթորինգը կարելի է համարել խիստ օգտակար հետազոտություն: 24-ժամյա հսկողությունն ավելի հուսալի է, քան ԶՃ-ի մեկանգամյա չափումը, քանի որ այն տրամադրում է ավելի մեծ տեղեկատվություն հետազոտվողի ԶՃ-ի օրական տատանումների մասին: Այն թույլ է տալիս նաև ախտորոշել «սպիտակ խալաթի» հիպերտոնիան և «պոստուրալ հիպոտոնիան»
- Ի՞նչ է իրենից ներկայացնում «սպիտակ խալաթի» հիպերտոնիան:
Բժշկի սենյակում շատ մարդկանց ԶՃ-ն բարձրանում է: Այդ մարդկանց ճնշումը սովորաբար նորմայի սահմաններում է, բայց ստուգումների ժամանակ այն որոշ չափով բարձրանում է, հավանաբար՝ հուզմունքից, որն առկա է շատ մարդկանց մոտ, երբ նրանք գտնվում են բժշկի սենյակում: Այս երևույթն էլ ստացել է «սպիտակ խալաթի» հիպերտոնիա անվանումը:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում «պոստուրալ հիպոտոնիան»:
«Պոստուրալ հիպոտոնիան» կամ «օրթոստատիկ հիպոտոնիան» մարմնի դիրքի կտրուկ փոփոխության ժամանակ ԶՃ անկումն է, որն ուղեկցվում է համապատասխան գանգատներով՝ գլխապտույտ, կտրուկ թուլության զգացում, սառը քրտինք, գիտակցության մթագնում կամ նույնիսկ կորուստ: Այս վիճակն ավելի հաճախ առաջ է գալիս պառկած կամ նստած վիճակից կտրուկ վեր բարձրանալիս ու կանգնելիս, ինչպես նաև որպես ԶՃ-ն նվազեցնող որոշ դեղերի կողմնակի ազդեցություն:
- Ի՞նչ սարքով է մեր կենտրում իրականացվում ԶՃ մոնիթորինգը:
A&D® Ambulatory Blood Pressure Monitor TM-2430
- Որքա՞ն է տևում ԶՃ մոնիթորինգը:
Հետազոտվողն այցելում է մեր կենտրոն, որտեղ տեղադրվում է ԶՃ մոնիթորի սարքը` մանժետը փաթաթվում է ձեռքի բազկին, իսկ բուն սարքը ամրացվում հագուստին: Մեկ օր անց այցելուն վերադառնում է մեր կենտրոն և սարքը հանվում է: Այս մեկ օրվա ընթացքում սարքը մնում է Ձեզ մոտ, մանժետը՝ Ձեր բազկին փաթաթած վիճակում, քանի որ ԶՃ-ն պարբերաբար չափվում և ապարատում գրանցումը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Սարքն անջատելն և հեռացնելը րոպեների գործ է:
- Ինչպե՞ս նախապատրաստվել ԶՃ մոնիթորինգին:
Եթե Ձեր սրտաբանը կամ բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա հետազոտությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում:
- Կարո՞ղ եմ ինքս մինչև 24 ժամը լրանալը հանել սարքը:
Այո, անհաղթահարելի պատճառների դեպքում դուք կարող եք ինքնուրույն հեռացնել սարքը: Տեխնիկական մանրամասները Ձեզ կներկայացվեն մեր կենտրոնում: Սակայն հիշեք, որ լիարժեք հետազոտությունը պահանջում է Ձեր ԶՃ տվյալների առնվազն 20-ժամյա գրանցում:
- Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
24 ժամյա ԶՃ մոնիթորինգի պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից մինչև 1 օր անց:
ԶՃ մոնիթորի տեղադրումը