24 ժամյա ԷՍԳ կամ Հոլտեր-մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը պացիենտի ԷՍԳ-ի երկարատև՝ 24-ժամյա անընդհատ գրանցումն է: Պացիենտի կրծավանդակի մաշկի վրա տեղադրվում են կլոր փոքր էլեկտրոդներ, որոնք լարերով միացած են փոքր սարքին, որն էլ 24 ժամվա ընթացքում գրանցում է նրա ԷՍԳ-ն:
Հոլտեր մոնիթորինգն իրականցվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն հասկանալ իր պացիենտի մոտ օրվա ընթացքում գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության, այլ նմանատիպ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը:
Հետազոտվողին տրամադրվում է նաև օրագիր-թերթիկ, որի մեջ նա կատարում է նշումներ (ինքնազգացողության փոփոխություններ, դեղերի անվանումներ, օրվա ընթացքում դրանք ընդունելու ժամեր և այլն):
ԷՍԳ 24-ժամյա անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման (իշեմիայի) վերաբերյալ օգտակար տվյալներ:
Ցուցումներ
- Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում:
- Սրտի իշեմիայի (հատկապես՝ անախտանիշ կամ «համր իշեմիա») վաղ հայտնաբերում և ախտորոշում, ինչպես նաև նման հիվանդների հսկողություն:
Մեր կենտրոնում Հոլտեր-սարքը տեղադրվում է շաբաթվա 6 օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:
Հաճախակի տրվող հարցեր
- Ինչո՞ւ չբավարարվել ստանդարտ ԷՍԳ-ով:
Հոլտեր մոնիթորինգն իրականցվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն հասկանալ իր պացիենտի մոտ օրվա ընթացքում գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության, այլ նմանատիպ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Ընդամենը մեկ-երկու րոպե տևող սովորական ԷՍԳ-ի հետ համեմատած 24-ժամ շարունակ գրանցվող ԷՍԳ-ի մյուս առավելությունն այն է, որ առավել հավանական է դառնում սրտի ոչ նորմալ ռիթմի առկայության վաղ հայտնաբերումը: Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերումից բացի Հոլտեր մոնիթորը հնարավորություն է տալիս գնահատել պացիենտի ԷՍԳ-ն կրծքավանդակի ձախ կեսում կամ կրծոսկրի շրջանում օրվա ընթացքում ծագող ցավերի կամ այլ գանգատների ժամանակ և պարզել, թե արդյոք նման ցավերն «իշեմիկ» բնույթի՞ են կամ արդյոք նման գանգատները կապ ունե՞ն սրտի ոչ նորմալ աշխատանքի հետ:
- Ինչպե՞ս նախապատրաստվել Հոլտեր հետազոտությանը:
Հետազոտությունը որևէ առանձնահատուկ նախապատրաստություն չի պահանջում: Գերադասելի է հետազոտության ներկայանալ հարմարավետ հագուստով: Տղամարդկանց դեպքում գուցե կարիք լինի սափրել կրծքավանդակի մազածածկույթը, որպեսզի էլեկտրոդները հեշտությամբ կպնեն պացիենտի մաշկին:
- Ի՞նչ սարքով է մեր կենտրոնում իրականացվում Հոլտեր մոնիթորինգը:
Mortara® H3+™
- Որքա՞ն է տևում Հոլտեր մոնիթորինգը:
ետազոտվողն այցելում է մեր կենտրոն, որտեղ տեղադրվում է Հոլտեր սարքը` էլեկտրոդները կպցվում են կրծքավանդակի մաշկին, իսկ բուն սարքը ամրացվում հագուստին: Մեկ օր անց այցելուն վերադառնում է բուժկենտրոն և սարքը հանվում է: Այդ մեկ օրվա ընթացքում սարքը մնում է Ձեզ մոտ, էլեկտրոդները՝ Ձեր կրծքավանդակին փակցված վիճակում, քանի որ ԷՍԳ-ն անընդմեջ գրանցվում է 24 ժամվա ընթացքում: Սարքն անջատելն և հեռացնելը րոպեների գործ է:
- Կարո՞ղ եմ ինքս մինչև 24 ժամը լրանալը հանել Հոլտեր սարքը:
Այո, անհաղթահարելի պատճառների դեպքում դուք կարող եք ինքնուրույն անջատել սարքը կամ պոկել էլեկտրոդները: Տեխնիկական մանրամասները Ձեզ կներկայացվեն մեր կենտրոնում: Սակայն հիշեք, որ լիարժեք հետազոտությունը պահանջում է Ձեր ԷՍԳ տվյալների առնվազն 20-ժամյա գրանցում:
- Արդյոք անվտա՞նգ է Հոլտեր մոնիթորինգի իրականացումը:
Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Այն որևէ կերպ չի ազդում պացիենտի սրտի աշխատանքի կամ առողջության վրա: Սարքն ինքը էլեկտրական կամ այլ լիցքեր չի գեներացնում, այլ միայն գրանցում է բուն սրտի էլեկտրական ակտիվությունը:
- Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
Հոլտեր թեստի վերջնական արդյունքները Ձեզ կտրամադրվի 1-2 օրվա ընթացքում: